Բաքուն նպատակ ուներ ստիպել Երևանին զերծ մնալ Արցախի շուրջ պահանջներից, մեծ հաշվով, հասավ իր նպատակին․ քաղաքագետ

44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը, թիրախավորել Հայաստանի սուվերեն տարածքը, նպատակ ուներ ստիպել Երևանին զերծ մնալ Արցախի շուրջ պահանջներ հնչեցնելուց, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ մեծ հաշվով Ադրբեջանը հասել է իր նպատակին։

Ըստ Գրիգորյանի՝ այսօր Հայաստանի համար առաջնային է դարձել 29 հազար 800 քկմ տարածքի պահպանումը։

Քաղաքագետի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչումը թե՛ Պրահայում, թե՛ Սոչիում դրական չէ՞ արդյոք այն իմաստով, որ փակվում է սահմանների թեման, համենայն դեպս պաշտոնական Երևանն այդպես է մեկնաբանում։

Գրիգորյան․ - Բայց փակվո՞ւմ է արդյոք։ Այսինքն՝ մենք վստա՞հ ենք, որ Ադրբեջանը ստորագրություն դնելով այդ հայտարարությունների տակ, օրինակ, հետ է քաշելու իր զորքերը զբաղեցրած դիրքերից 2021 թվականի մայիսի ու 2022 թվականի սեպտեմբերի։ Ես, օրինակ, վստահ չեմ։ Բացի այդ, այն հանգամանքը, որ Երևանն այս փուլում խնդրում է Բաքվին, որպեսզի այն ճանաչի Հայաստանի սահմանները, դա ևս Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքն է։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը գիտակցաբար սկսեց թիրախավորել Հայաստանի սուվերեն տարածքը և Սյունիքի մարզը, հատկապես, այդ նարատիվներն ակտիվացան՝ Սյունիքի նկատմամբ ինչ-որ պահանջների, և նպատակը մեկն էր, որպեսզի Սյունիքի նկատմամբ պահանջներ ներկայացնելով՝ ստիպեն Հայաստանին զերծ մնալ Արցախի շուրջ պահանջներ հնչեցնելուց կամ որևէ դերակատարություն ունենալուց։ Մեծ հաշվով՝ իրենք հիմա հասել են իրենց նպատակին։ Երևանը հայտարարում է, որ եթե դուք ճանաչեք մեր խորհրդային սահմանները, մենք պատրաստ ենք ճանաչել ձեր խորհրդային սահմանները։

«Ազատություն»․ - Այսինքն՝ առաջնահերթություն է դարձել 29 հազար 800 քկմ։

Գրիգորյան․ - Այո։

«Ազատություն»․ - Դուք էլի իրատեսական եք համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը, թե արդեն Սոչիի հանդիպումն, ինչպես ասում են, հեռացեց կողմերին։

Գրիգորյան․ - Կարծում եմ այնուամենայնիվ մեծ է հավանականությունը։ Սոչիի հանդիպումից ես, օրինակ, մեծ ակնկալիքներ չունեի, որովհետև պարզ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կետը դժվար թե ընդուներ։ Այսինքն՝ դա էլ է Ադրբեջանի համար կարմիր գիծ։ Իսկ եթե ռուսական պլանը չի աշխատում, պարզ է, որ պետք է առաջ շարժվել այլընտրանքային կամ հիմնական պլանով, հիմնական պլանը հենց ադրբեջանականն է, և Ռուսաստանը փորձում էր ինչ-որ փոփոխություններ մտցնել դրա մեջ։ Այդ առումով՝ հավանականությունը, կարծում եմ, բավականին մեծ է, որ մինչև տարեվերջ կստորագրվի ինչ-որ framework agreement՝ ոչ թե կոնկրետացված, այլ շրջանակային։

Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․