Արցախի կարգավիճակի հարցը հետագա սերունդներին թողնելու ռուսական առաջարկը նշանակում է, որ Արցախը կա և պետք է աշխատել կարգավորման տարբերակ մշակել, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով՝ ստատուս քվոն պահպանվում է։
«Որովհետև անհնարին է լուծել էդ խնդիրը։ Հիմա Ադրբեջանն ասում է՝ «Ղարաբաղ չկա, այնտեղ մարդ չկա, տեռորիստներ են»։ Մեզ համար էլ, բնական է, ընդունելի չէ Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ։ Լավ, ի՞նչ անեն միջնորդները։ Հետևաբար, երբ որ բաց են թղնում, դա նշանակում է, որ Արցախը կա և պետք է աշխատենք, մի կարգավորման տարբերակ մշակենք։ Սա կարող է լինել 50 տարի հետո, կարող է լինել 5 տարի հետո։ Բայց սա շատ կարևոր է ֆիքսել։ Հիմա դա՞ է լավ, թե ասել՝ «մտեք Ադրբեջանի կազմ, չգիտես ինչ-որ իրավունքներ կպահպանեն ձեզ համար կամ կպաշտպանեն», - ասաց Բաբայանը։
Օգտատերերի հարցին, թե ինչո՞ւ հանրաքվե չեն անցկացնում Հայաստանին կամ Ռուսաստանին միանալու հարցով, Արցախի արտգործնախարարը պատասխանեց՝ այդպես հարվածի տակ կդնեն Հայաստանը։
«Այդպես հող ենք նախապատրաստելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար, մենք էդ իրավունքը չունենք։ Իսկ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, ես բազմիցս ասել եմ, այնտեղ 3 մլն հայ կա, սա չի նշանակում, որ մենք դեմ ենք ԱՄՆ-ին, դեմ ենք Ֆրանսիային, Իրանին, այդպիսի բան չունենք, իմաստուն պետք է լինենք, այդ ահռելի ռեսուրսը՝ մեր հայոց սփյուռքի մեծ հնարավորությունները պետք է օգտագործենք, թե խելոք լինենք, մեր երկիրը պահելու ենք», - ասաց Բաբայանը։
Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիի հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց՝ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է ռուսական տեսլականին։
Դավիթ Բաբայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսն» ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․