Արցախի նախագահը համոզմունք է հայտնում, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն հայ - ադրբեջանական բանակցություններում այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։
«Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն», - գրում է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում:
«Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ», - ասված է Արցախի նախագահի գրառման մեջ: - «Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան»։
Հարությունյանը հույս է հայտնում, որ հոկտեմբերի 31-ի եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին. - «Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը»։
Հարությունյանն ընդգծում է՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են»։
«Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար», - գրում է Արցախի նախագահը:
Այսօր Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով: