Մոսկվան վերապահումներով է տվել այդ համաձայնությունը
Հացահատիկով բեռնված 7 նավեր Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից այսօր ուղևորվեցին դեպի միջազգային շուկաներ: Ընդհանուր հաշվով 290 հազար տոննա մթերք կհասնի եվրոպական և ասիական երկրներ:
Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերանայեց հացահատիկի միջանցքի գործարքը սառեցնելու որոշումը: Փաստորեն ռուսների դեմարշը տևեց ընդամենը 72 ժամ: Խնդիրը համաձայնեցվեց Թուրքիայի միջնորդությամբ:
Վլադիմիր Պուտինը հայտնեց այդ մասին, ասելով, թե թուրքերի միջոցով ուկրաինացիներից հավաստիացումներ է ստացել առ այն, որ հացահատիկի միջանցքը չի օգտագործվի Ռուսաստանի վրա ռազմական հարձակումների նպատակով:
«Ռուսաստանն իրեն վերապահում է ուկրաինացիների կողմից պայմանները խախտելու դեպքում գործարքից դուրս գալու իրավունք»,- նշել է Պուտինը:
«Նրանց հերթական շանտաժը չի անցել»
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ ռուսները հերթական անգամ փորձել են ահաբեկել բոլորին և հերթական անգամ կոշտ պատասխան են ստացել միջազգային դերակատարներից:
«Թուրքիան և ՄԱԿ-ը միանշանակ ամուր դիրքորոշում են դրսևորել, պնդելով, որ գործարքը պարտադիր պետք է շարունակվի: Նրանց հերթական շանտաժը չի անցել, Ռուսաստանի Դաշնությանը պարզապես ստիպել են վերադառնալ գործարքին»,- ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:
Դեռ հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե «Սևաստոպոլում անօդաչուներով հարվածներ հասցնելով Սևծովյան նավատորմին՝ Ուկրաինան խաչ է քաշել հացահատիկի միջանցքի վրա»:
«Պուտինը պարզապես այլ ելք չուներ»
Ակամա հարց է ծագում՝ ի՞նչ փաստարկներով է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակցին համոզել՝ վերանայել բոյկոտի որոշումը:
Պատասխանելով «Ազատության» Настоящее Время ծրագրի լրագրողի հարցերին, «Նոր Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի» վերլուծաբան, արևելագետ Յուրի Մավաշևն ասել է, թե Պուտինը պարզապես այլ ելք չուներ: Էրդողանը, հավանաբար, նկատել է տվել, որ հացահատիկի միջանցքը կշարունակի աշխատել նույնիսկ առանց ռուսների մասնակցության:
«Ճնշումն այս էր՝ կա՛մ բեռնատար նավերը Սև ծով դուրս կգան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական նավերի ուղեկցությամբ, կա՛մ ռուսները կվերադառնան գործարքին, ինչ-ինչ վերապահումների մասին խոսելով: Ի՞նչ է անելու Պուտինը, հո ՆԱՏՕ-ի նավերին չի հարվածի դրանից բխող ամենածանր հետևանքներով: Պուտինը ձևացնում է, թե ամեն բան լավ է, երբ իրականում վատ է, շատ վատ»,- ասել է Մավաշևը:
Մոսկվան նկատել է տալիս, որ այս գործարքում փայատեր է
«Հացահատիկի միջանցքի» գործարքի ժամկետը մինչև նոյեմբերի 19-ն է: Ըստ Մոսկվայի, նախ պետք է վերլուծել այս ամիսների ընթացքում կատարված աշխատանքը:
«Դեռ պետք է քննարկել երկարաձգման թեման, պետք է տալ դրա արդյունավետության ընդհանուր գնահատականը, պարզել, թե որքանով են իրագործվել պայմանավորվածության բոլոր դրույթները»,- ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսները սրտնեղած են, նրանք ասում են, թե ուկրաինացիներից անհամեմատ ավելի շատ հացահատիկ և պարարտանյութ կարող են առաջարկել միջազգային շուկաներին:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր անդրադարձել է խնդրին, ասելով, որ անհրաժեշտ է կատարել հացահատիկի գործարքի երկրորդ մասը՝ տալ ռուսներին իրենց արտադրանքը դուրս հանելու հնարավորություն, քանի որ պարենը և պարարտանյութը սանկցիաների չեն ենթարկվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. «Դիվանագիտական եղանակով վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»