Մատչելիության հղումներ

Մոսկվան վերադարձավ «հացահատիկի միջանցքի» գործարքին


Ուկրաինական հացահատիկ փոխադրող Despina V բեռնատար նավը Ստամբուլի մոտակայքում:
Ուկրաինական հացահատիկ փոխադրող Despina V բեռնատար նավը Ստամբուլի մոտակայքում:

Ռուսաստանը հայտնել է, որ վերադառնում է Սևծովյան նախաձեռնությանը, որն անվանում են նաև «հացահատիկի միջանցք»:

Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ հուլիսի 22-ին կնքված գործարքն ընձեռել է ռուսների կողմից արգելափակված նավահանգիստների պահեստներից հացահատիկ, եգիպտացորեն, բուսական յուղ և այլ մթերք արտահանելու հնարավորություն:

Հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլում անօդաչուների հարվածների են ենթարկվել Ռուաստանի Սևծովյան ռազմական նավատորմի, ինչպես նաև քաղաքացիական նավերը:

Դրանից հետո Մոսկվան հայտարարել է գործարքից դուրս գալու մասին, սակայն ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ ռուսները ոչ թե չեղարկում են գործարքն, այլ ժամանակավոր սառեցնում են իրենց մասնակցությունը:

Երեկ նա խնդիրը քննարկել է թուրք պաշտոնակցի հետ: Զրուցել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարները՝ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը:

Վերջինս ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովին է փոխանցել ռուսական կողմի մտահոգությունները և պահանջները:

«Մեր ուկրաինացի զրուցակիցներն իրենց տեսակետները մեզ են փոխանցել բանավոր և գրավոր, դրանք ուղարկել ենք Ստամբուլ՝ Սևծովյան նախաձեռնության կենտրոն»,- ասել է Աքարը:

Թուրքիայի նախագահն էլ այսօր խորհրդարանում հայտնել է, որ Շոյգուի և Աքարի բանակցություններից հետո ռուսները համաձայնել են վերադառնալ գործարքին:

«Բեռնատար նավերի տարանցումն այսօր ժամը 12-ից վերսկսվում է»,- տեղեկացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռուսական կողմը Սևաստոպոլի միջադեպերից հետո պահանջել է անցկացնել հետաքննություն, ապահովել բոլոր նավերի անվտանգ տարանցումը և կանխել «հացահատիկի միջանցքը» ռազմական նպատակով օգտագործելու փորձերը:

Բոլոր նավերը Թուրքիայի տարածքային ջրերում՝ Բոսֆորում տեսուչների կողմից ստուգման են ենթարկվում:

Գործարքին վերադառնալու մասին լուրը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ ուկրաինական կողմից ստացվել են գրավոր հավաստիացումներ առ այն, որ «հացահատիկի միջանցքը» և պարենի արտահանման համար նախատեսված նավահանգիստները չեն օգտագործվի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գիշերային տեսաուղերձում ասել է, թե Ռուսաստանը շատ կոշտ պատասխան կստանա աշխարհից, եթե համարձակվի խաթարել գործարքը, քանի որ դա կյանքի ու մահվան հարց է միլիոնավոր մարդկանց համար:

«Անցած օրերին ապրանքով բեռնված նավերի տարանցումը շարունակվել է, և դա տեղի է ունեցել նախևառաջ հուսալի գործընկերների՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ»,- ասել է Զելենսկին:

Միջնորդի դերում հանդես եկող Անկարան փորձում է հաշվի առնել նաև Մոսկվայի տեսակետները:

Ռուսները գանգատվում են, թե հացահատիկի գործարքից իրենք ոչինչ չեն ստացել և պահանջում են իրենց էլ տալ ռուսական արտադրանքն արտահանելու հնարավորություն:

«Մենք համաձայնել ենք, որ հարկ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել և վերացնել ռուսական ցորենի և պարարտանյութի արտահանումը խոչընդոտող գործոնները»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղուն:

Սևծովյան նախաձեռնության շրջանակներում ամռանը Ստամբուլում ստեղծվել է հատուկ համակարգող կենտրոն, որի ղեկավարը ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ամիր Աբդուլան է:

Կենտրոնում աշխատում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Գործարքի ստորագրումից ի վեր այս երեք ամիսների ընթացքում 422 բեռնատար նավեր ուրաինական նավահանգիստների պահեստներից արտահանել են մոտ 10-ը միլիոն տոննա պարեն:

Պահեստներում դեռ մնում է ևս 10-ը միլիոն տոննա: Եթե այն չուղարկվի Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա և մի շարք այլ շրջաններ, տասնյակ միլիոնավոր մարդիկ այնտեղ կարող են սովի մատնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG