Մատչելիության հղումներ

Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան շարունակել հացահատիկի արտահանումն Ուկրաինայից․ Աքար


Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի շարունակել հացահատիկի արտահանումն ուկրաինական նավահանգիստներից՝ չնայած Ռուսաստանի մասնակցության կասեցմանը, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հուլուսի Աքարը նաև հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան պայմանավորվել հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի կատարման շուրջ ամբողջ ծավալով:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովոնն էլ հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին, մեկօրյա դադարից հետո, ուկրաինական գյուղատնտեսական մթերքներով բեռնված նավերի տեղաշարժը կվերսկսվի։ Վաղը միջանցքով անցնելու է 8 նավ։ «Մենք ստացել ենք հաստատում ՄԱԿ-ից»,- հավելել է նախարարը։

Շաբաթ օրը Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած հացահատիկի գործարքը կասեցնելու մասին։ Կրեմլը պնդում է, որ այլևս չի կարող երաշխավորել Ուկրաինայից նավերի անվտանգ անցումը Սև ծովով՝ դա բացատրելով Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակմամբ։

Համաձայնագրի մյուս երեք կողմերը՝ ՄԱԿ-ը, Ուկրաինան և Թուրքիան, սկզբում շարունակեցին նավերը բաց թողնել առանց Ռուսաստանի մասնակցության, սակայն երեքշաբթի օրը հայտարարեցին, որ այսօր «հացահատիկային միջանցքը» չի աշխատի։

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» ՄԱԿ-ի համակարգող Ամիր Աբդուլան հույս է հայտնել, որ ուկրաինական նավահանգիստներից նավերի տեղաշարժը կվերսկսվի հինգշաբթի օրը:

Հացահատիկի գործարքի թեման, ինչպես հաղորդվում է, երկուշաբթի և երեքշաբթի հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։

XS
SM
MD
LG