Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները` դեռ խորհրդային ժամանակների Գլխավոր շտաբից` Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի հարցը կարգավորելու համար, հայտարարել է Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Սոչիում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
Ռուսաստանի նախագահը կրկնել է, որ կողմերի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա, և որ դրա տարրերի մասին դեռ վաղ է խոսել: Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ խաղաղության այդ ապագա համաձայնագիրը պահանջելու է զիջումներ` երկու կողմերից, առանց հավելյալ մանրամասների:
Ռուս խաղաղապահների ապագան Ղարաբաղում կախված է խաղաղության պայմանագրից և դելիմիտացիայի գործընթացից, ասել է ՌԴ նախագահը։
«Եթե այդ հարցերը լուծվեն, խաղաղապահների հարցը այլ կերպ է դրված լինելու, եթե մասամբ լուծվեն կամ չլուծվեն, այդ դեպքում դրանից է կախված նաև մեր խաղաղապահ զորախմբի ապագան», - նշել է Պուտինը՝ շարունակելով. - «Բայց ցանկացած դեպքում, թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը Ռուսաստանին երախտագիտություն հայտնեցին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ իրականացնում ենք»:
«Մենք սատարում ենք այն ամենին, որ ուղղված է դիմակայության նվազեցմանը և կարգավորմանը», ֊ ասել է Վլադիմիր Պուտինը:
Պատրաստակամություն հայտնելով նպաստել այս ուղղությամբ գործադրվող ջանքերին` Ռուսաստանի նախագահը միաժամանակ առիթը բաց չի թողել` քննադատելու Արևմուտքին, որը վերջին ամիսներին ակտիվորեն զբաղվում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ:
«Ինչ վերաբերում է Պրահայում առանց Ռուսաստանի անցկացված հանդիպմանը. Թե ինչու առանց Ռուսաստանի, դա մեզ համար պարզ է, և որևէ մեկին բացատրել պետք չէ: Մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունն են վարում այնպես, որպեսզի փորձեն Ռուսաստանին դուրս թողնել բոլոր ձևաչափերից: Միանգամայն հստակ է, որ որոշ դեպքերում դա բացարձակապես անիրատեսական է, անհնարին, օրինակ`այս դեպքում», ֊ ասել է Պուտինը:
Ասուլիսից առաջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մոտ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո հերթական եռակողմ հայտարարությունն էին ընդունել, որտեղ որևէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին: Բանակցությունների ավարտին Պուտինն ընդունել էր` «ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից»: Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցին, Ռուսաստանի նախագահն ասել է. - «Փաստաթղթից դուրս թողնված մասերի վերաբերյալ կարելի է խոսել, բայց պետք չէ, որովհետև եթե այդ հարցերը դեռ կարգավորված չեն, պետք չէ դրանց վրա սևեռել լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը»:
«Պետք է ուղղակի հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնեցման: Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմի համար էլ, և ես ինձ իրավունք չեմ վերապահում դրանք հրապարակել առանց գործընկերների հետ համաձայնեցման», ֊ ասել է Վլադիմիր Պուտինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում համատեղ հայտարարություն է ընդունվել