Մատչելիության հղումներ

Չնայած Պուտինի պնդումներին՝ Ալիևը կրկին մերժեց ղարաբաղյան խնդրի առկայությունը


Չնայած Ռուսաստանի նախագահի պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտությունը առանձնահատկություններ ունի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, այսօր Ադրբեջանի առաջնորդը Պուտինի հետ հանդիպմանը կրկին պնդեց՝ նման խնդիր չկա, ինքն այն լուծել է 44-օրյա պատերազմով:

«Ղարաբաղյան խնդիրը պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ։ Այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա», - հայտարարեց Իլհամ Ալիևը:

Ի սկզբանե մերժելով ղարաբաղյան խնդրի շուրջ որևէ քննարկում՝ Ադրբեջանի նախագահը միաժամանակ ասաց, թե ակնկալում է Ռուսաստանի օգնությունը Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա ասաց, թե հիմա եկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին խոսելու և գործելու ժամանակը։

«Իհարկե, մենք շատ ենք գնահատում Ձեր անձնական դերն այս հարցում», - նշեց նա:

Պուտինը Ադրբեջանի նախագահին ընդունեց Սոչիում Հայաստանի վարչապետի հետ երկկողմ բանակցություններից հետո։ Նրանց զրույցի բաց հատվածը, ի տաբերություն Պուտին-Փաշինյան բանակցությունների, կարճ էր և առանց մանրամասների։ Պուտինը որևէ կերպ չարձագանքեց ղարաբաղյան խնբդրի վերաբերյալ Ալիևի կտրուկ պնդումներին։ Միայն ընդգծեց ռուսական խաղաղապահ առաքելությունը, հիշեցնելով, որ դրա համար Ալիևը իրեն շնորհակալություն է հայտնել:

«Դուք բազմիցս եք նշել, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում, և հիմա մեր խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են այնպես, ինչպես պետք է», - ասաց ՌԴ ղեկավարը։

Ի դեպ, Ալիևի, թե Փաշինյանի հետ հանդիպումը սկսելիս Պուտինը շեշտել է, թե այսօրվա բանակացությունը Երևանի և Բաքվի նախաձեռնությունն է, ոչ թե Մոսկվայի. «Այս հանդիպման նպատակն է կատարել եռակողմ հայտարարությունների դրույթները: Այսօր պետք է խոսել այսօր ստեղծված իրավիճակի մասին և փորձել գտնել դեռևս չլուծված հարցերի լուծումը։ Այս կոնտեքստում կուզենայի ընդգծել կարևոր տնտեսական բնույթի հարցերը։ Մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը բավականին առաջ է գնացել։ Նրանց պետք է հավելյալ խթան տալ»:

Հավելյալ խթան ասելով՝ Ռուսաստանի նախագահը հավանաբար նկատի ունի այսօր ավելի ուշ նախատեսված եռակողմ հայտարարությունը, որի մանրամասները, սակայն, հայտնի չեն։ Ստորագրման դեպքում սա կդառնա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև համաձայնեցված չորրորդ հայտարարությունը, այն դեպքում, երբ նախորդ երեքի մի շարք կետեր, այդ թվում՝ ճանապարհների ապաշրջափակումն ու հայ գերիների վերադարձը, մինչ օրս իրականություն չեն դարձել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG