Անընդունել է ցանկացած առաջարկ, ցանկացած փաստաթուղթ որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս, երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով՝ մերժելու են ցանկացած նման առաջարկ՝ դիտարկելով դա որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։
Բաբայանը նկատեց՝ ունեն ընտրության հնարավորություն՝ պատմության մեջ մտնել կա՛մ որպես «ամենաանարժանապատիվ, ամենաթուլամորթ, ամենաանհայրենքի սերունդը, որի ժամանակ կործանվեց բիբլիական Արցախը, կա՛մ որպես սկզբունքային, հայրենասեր, իր պատմությունը հարգող սերունդ, որն, անկախ բոլոր դժվարություններից, կարողացավ փրկել այս աստվածային հողակտորը»։
Կա շանս փրկելու Արցախը, հայտարարեց Բաբայանը։
«Պետք է բոլորս իմանանք, որ մեր ճակատագիրը միասնական է, չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևից, բոլոր միասնական պահելու և պաշտպանելու ենք Արցախը՝ անկախ բոլոր դժվարություններից, և այդ շանսը կա փրկելու Արցախը», - ասաց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի դերակատարությունը տարաշարջանում։
«Երբ որ մենք ասում ենք, որ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը եղբայրական են, ի լուր աշխարհի ուզում ենք հայտարարել, որ դա ուղղված չէ որևէ այլ պետության դեմ, մենք նման իրավունք չունենք, որովհետև ունենք Սփյուռք, հետևաբար եկեք բռունցքվենք, համախմբվենք, երբեք չհուսահատվենք, կան բոլոր շանսերը պահելու և պաշտպանելու մեր երկիրը», - եզրափակեց Բաբայանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախօրեին Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային։
Խորհրդարանականները դիմեցին Ռուսաստանին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»: Արտահերթ նիստում միաձայն ընդունված հայտարարությամբ խորհրդարանը նաև առաջարկեց Մոսկվային այդ նպատակով ներդնել «քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»։ Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, հայտարարությունը չի հստակեցնում:
Հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, Արցախի խորհրդարանականները նաև շեշտեցին, որ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի գոյությունը կասկածի տակ կդրվի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, թե վաշինգտոնյան տարբերակով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խեղաթյուրում ու ապատեղեկատվություն է որակել Պուտինի մեկնաբանությունը, բայց չի էլ հստակեցրել՝ ի վերջո, գոյություն ունի՞ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հերքեց, որ կան հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արևմտյան ու ռուսական ծրագրեր՝ շեշտելով՝ կան միայն ընկալումներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը