Մատչելիության հղումներ

«Պետք է պատռել այն բոլոր փաստաթղթերը, որոնցով մենք կուրանանք Արցախը»․ Գեղամ Մանուկյան


Պետք է պատռել հակամարտության կարգավորման այն բոլոր փաստաթղթերը, որոնցով մենք կուրանանք Արցախը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմանդիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանն իշխանություններին մեղադրեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու, Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու բոլոր խոստումներից հրաժարվելու համար՝ շեշտելով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ արցախահայության միակ երաշխավորը մնացել են արցախահայությունն՝ իր կամքով և ռուսական խաղաղապահ ուժերը։

Մանուկյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք խորհրդարանում պատռեցիք հակամարտության կարգավորման, այսպես կոչված, արևմտյան տարբերակը, անգամ ռուսական պետական ալիքն է ցուցադրել։ Կարո՞ղ է տպավորություն ստեղծվել, որ հատկապես այս սցենարին՝ Եվրամիության, Վաշինգտոնի միջնորդությամբ լուծման տարբերակին եք դեմ։

Մանուկյան․ - Ես խորհրդարանում չեմ պատռել արևմտյան տարբերակը,և իմ ելույթում բառացի ասել եմ, որ պետք է պատռել այս և նմանատիպ այլ փաստաթղթեր, որով մենք կուրանանք Արցախը։ Խնդիրը ցանկացած փաստաթղթի առկայությունն է, որը Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի ապագայի, արցախահայության լինելիության վրա խաչ է քաշել։

«Ազատություն»․ - Բայց մի ռուսական սցենար էլ է շրջանառվում, դա չեք պատռել։

Մանուկյան․ - Ցույց տվեք ռուսական սցենարը, որտեղ Արցախի ապագայի վրա խաչ է քաշվում, հենց ձեր տաղավարում ես կպատռեմ դա։

«Ազատություն»․ - Ըստ այդ տարբերակի՝ համենայն դեպս այն, ինչ հրապարակավ ասվել է, այդ թվում՝ Մոսկվայից, խաղաղապահները մնում են անժամկետ, հարցն այդպես էլ չի լուծվելու այս պարագայում և պահպանվում է նոր պատերազմի վտանգը։

Մանուկյան․ - Այսօր մենք հայտնվել ենք մի իրականությունում, որ արցախահայության անվտանգության երաշխավորը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունը, երաշխավորը, որի պարտավորությունն այս իշխանությունը վերցրել է անցնող տարիներին՝ շատ ամպագոռգոռ հայտարարություններով, այս իշխանությունը, որը 2020 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններում իր նախընտրական ծրագրում շարունակել է դա պնդել, դրանով քվե է ստացել, կառավարության ծրագիր ներկայացնելուց հետո իսպառ հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու, Արցախի բռնագրավված տարածքների դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու բոլոր խոստումներից ու պարտավորություններից, ցավոք սրտի, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ արցախահայության միակ երաշխավորը մնացել է արցախահայությունն՝ իր կամքով և ամենակարևորը՝ ռուսական խաղաղապահ ուժերը։ Հայաստանի իշխանությունը իր գործողություններով, իր բանակցային բոլոր համաձայնություններով և իր հրապարակային հայտարարություններով արցախահայությանը մղել է Ադրբեջանի գիրկը։ Ասում ա՝ գնացեք լեզու գտեք, յոլա գնացեք։

«Ազատություն». - Բայց ռուսների մնալը միջանցքի մասին է խոսում արդեն, որ իրենք վերահսկեն։

Մանուկյան. - Նիկոլ Փաշինյանի շուրթերից ես չեմ լսել։ Ես անանուն աղբյուրներին չեմ վստահում, մինչև պաշտոնապես դրա մասին չեն խոսում։ Լսել եմ միայն մի բան, որ միջանցք չի լինելու։

«Ազատություն». - Կարծում եք, որ Ռուսաստանի օրակարգում միջանցք չկա։

Մանուկյան. - Եթե հայտարարեց, դրա մասին կխոսենք։

«Ազատություն». - Իսկ եթե ասեն, որ խաղաղապահների մնալով միևնույն է էդ հակամարտությունը չի կարգավորվելու, էդ խաղաքարտը մնալու է Մոսկվայի ձեռքում՝ անընդհատ էս սողացող պատերազմը շարունակելով։

Մանուկյան. - Այս նոր ճանապարհը, որը կառուցվել է, անցնում է Հին Շեն, Վերիշեն, Մեծ Շեն գյուղերով, դիմացը Եղցահողն է, Բերդաձորի այդ գյուղերն են... այսօր այդ գյուղերի անվտանգությունը երաշխավորված է, որովհետև մի քանի ուղղությամբ ռուսական խաղաղապահ հենակետեր են դրված։

«Ազատություն». - Ինչքա՞ն պիտի շարունակվի։ Հենց համընկան ռուս-թուրքական շահերը, էլի ասելու են կհանենք խաղաղապահներին, վաղը չենք հանի... այսինքն՝ չի լուծվելու այս հակամարտությունը։

Մանուկյան. - Հակամարտություններ կան, որոնք տասնամյակներ և հարյուրամյակներ չեն լուծվում։ Այդ հակամարտությունները սառեցված են անվտանգային տարբեր բարձիկներով, և այդ տարածաշրջանները զարգանում են։

«Ազատություն». - Բա ինչի՞ երկու տարի դա չի լինում

Մանուկյան. - Երկու տարի չի լինում պարզ մի պատճառով. այստեղ մարդ չկա նստած, Երևանում, կառավարության շենքում։ Այս իշխանությունը այդ երկու տարին որևէ կերպ չօգտագործեց իրավիճակ փոխելու ռազմաքաղաքական, բալանսի... նաև բանավոր պայմանավորվածությունների անհասկանալի մի շարան կա, որի ամբողջ ցանկը մինչև հիմա հասարակությունը չի էլ պատկերացնում, թե ինչ ծավալի է։

«Ազատություն». - Փաշինյանի քննադատությունը արդարացի չէ՞ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հասցեին, որ ամբողջ աշխարհը դատապարտել է, պահանջել է զորքերը դուրս բերել, Մոսկվան լուռ է, այդ դաշինքն էլ, ըստ էության, որևէ քայլ չի ձեռնարկել։

Մանուկյան. - Ես երկու ձեռքով կողմ կլինեի Փաշինյանին, եթե տեսնեի, որ իմ երկիրը, իշխանությունը ոչ բարով-խերով, ամեն ինչ անում է։

«Ազատություն». - Եթե գործին խառնվում է Վաշինգտոնը, որի զանգով, համենայն դեպս՝ ըստ հայկական կողմի, էս սեպտեմբերյան ագրեսիան կանգնել է, նրանք չե՞ն պաշտպանելու արցախահայերին, գերտերությունը՝ Միացյալ Նահանգները չի՞ ստեղծելու էդ մեխանիզմը։

Մանուկյան. - Որևէ հայտարարություն, որ նման մեխամիզմ պատրաստ են ստեղծել, չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG