«Հոկտեմբերի 27»-ից անջատված մասի վերաբացումից 3 տարի անց էլ ոճրագործության կազմակերպիչները դեռ բացահայտված չեն

Չնայած հեղափոխությունից հետո՝ արդեն երեք տարի է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) վերաբացել ու քննում է «Հոկտեմբերի 27»-ից անջատված գործը, սակայն ոճրագործության կազմակերպիչներն ու դրդիչները դեռ բացահայտված չեն: Որևէ բեկում չի եղել նաև անցած քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո: Մի ելույթում վարչապետը պնդել էր, թե «Քաղաքացիական պայմանագրին» տված ձայնը թույլ կտա գտնել կազմակերպիչներին, մյուս դեպքում էլ՝ ուղիղ անուններ տվել:

«Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, եկեք պատասխան տվեք «Հոկտեմբերի 27»-ի մասին, եկեք պատասխան տվեք նր մասին, որ ձեր ղեկավարած Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է եղել, որ նաիրի Հունանյանը մտնելու է ու զենքով գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին», - հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությունից հետո, սակայն, չի հաղորդվում՝ վերաբացված գործով նախկին նախագահները հարցաքննվել են, թե՝ ոչ։ Նրանց փաստաբաններն էլ չեն պարզաբանում։

Հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերից հետո իրավապահները սպանությանը զուգահեռ քննել էին կազմակերպիչների դրվագն ու արդյունքի չհասնելով՝ փակել գործը՝ եզրահանգելով, թե հանցադեպ չի եղել։ Երեք տարի առաջ գործը վերաբացվել էր խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու դիմումի հիման վրա։

«Մարտի 1»-ի գործի նման չանեն, իսկապես խելացի մարդկանց հավաքեն այնտեղ ու քննիչներին ու այս գործը վերաբացեն, ամբողջ ժողովուրդը դրան է սպասում», - նշեց Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը գործը վերաբացելուց հետո 2020-ին դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ ըստ մամուլի՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել քննությանը։ Վարչապետի աշխատակազմից, սակայն, այսօր մանրամասներ չփոխանցեցին ինչպես Հունանյանի նամակի բովանդակության, այնպես էլ՝ իրենց արձագանքի մասին։

Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ վերաբացված գործով այս պահի դրությամբ հարցաքննվել են ինչպես Հունանյանը, այնպես էլ նրա եղբայրն ու մյուս երկու դատապարտյալները։ Ընդհանուր առմամբ՝ մեկ տասնյակից ավելի մարդ։ Թե ինչ են պատմել սպանության համար ցմահ դատապարտված Հունանյանն ու մյուսները, դատախազությունը չի բացահայտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով հարցաքննվել են Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը, ընդհանուր՝ մոտ մեկ տասնյակ մարդ Բախշյան. Նաիրի Հունանյանը վստահելի կերպար չէ, ամեն խոսքը քննիչը պիտի ստուգիԱնահիտ Բախշյանը ստացել է «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը կարճելու որոշման դեմ բողոքի պատասխանը

«Եթե որևէ լուրջ գործ արված լիներ, ես պիտի տեղյակ լինեի». Անահիտ Բախշյան

Իրավապահները հաղորդում են նաև, որ մի քանի քննչական վարկածներ կան, ուսումնասիրվում են նաև ահաբեկչական խմբի 3 անդամների մահվան պատճառները։ Տարիներ շարունակ արդարադատություն պահանջող Անահիտ Բաշխյանը վերջին անգամ հարցաքննվել է երկու տարի առաջ։ Մանրամասներ այս եռամյա քննությունից չգիտի, նաև չի էլ կարծում, որ հարցաքննվել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ.

Այսօր էլ իշխանությունը հայտարարում է «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման անհրաժեշտության ու հնարավորության մասին։ Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով նորանշանակ գլխավոր դատախազին, խնդրում է հետևողական լինել։ Նախկինների օրոք կազմակերպիչներին չբացահայտելու հարցում եղել են խանգարող հանգամանքներ, ընդգծում է իշխանական պատգամավորը։

«27-ի չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն՝ կառուցենք ներքին համերաշխություն մեր երկրում և կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն 27-ի ամբողջական բացահայտման համար, որովհետև շատ կարևոր վկաներ այլևս չկան, մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ, ուստի խնդրում եմ, որպեսզի մենք այդ խնդրի հետ կապված մեր բոլոր ջանքերն, այնուամենայնիվ, դարձնենք իրականանալի», - ընդգծեց Քոչարյանը:

Սուտ խոստումներ պետք չեն, հակադարձում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նման մի խոստում էլ Փաշինյանը տվել էր 2008-ի արյունալի իրադարձությունների զոհերի հարազատներին, «Մարտի 1»-ի չբացահայտված գործն է հիշեցնում նա։ «Հիմա երբ խոսում է «Հոկտեմբերի 27»-ի մասին, որ բացահայտվելու և քննություն է կատարվելու, ինքը իր ասածներին չի հավատում: Մենք գիտենք, որ սա քաղաքական գործ է, սա բացահայտելը.... ես չգիտեմ, էդ սուտ խոստումները ոչ մեկին պետք չէ», - ընդգծեց նա:

Ամեն տարի այս օրը Երևանի կենտրոնական գերեզման այցելող սպանված բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները դեռ սպասում են արդարադատության։ ԱԺ սպանված նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն, ի տարբերություն Բախշյանի այրու, վերաբացված գործի քննությանը դեռ գնահատական չի տալիս, սպասում է. «Այս հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ համապատասխան մարմինները տան իրենք եզրակացությունը»:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և վեց պատգամավորներ։