«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է գրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ նամակն ստացվել է Կառավարությունում։
Միաժամանակ, նամակի բովանդակության և Կառավարությունում այն ստանալու ժամկետների վերաբերյալ պաշտոնական աղբյուրը տեղեկություն չհայտնեց։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին Կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Երեք տարի տևած դատավարությունից հետո Նաիրի Հունանյանը և նրա հանցախմբի 5 անդամներ դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման:
Անցած տարվա վերջին Դատախազությունը բավարարեց Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ: