Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը հետաքրքրված է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու Երևանի առաջարկով։
Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորելով հյուպատոսարանի բացումը՝ վերահաստատեց հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ:
Սիմոնյանն ու Աբդոլլահիանն արձանագրել են, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և տևական խաղաղությանն առնչվող հարցերի, քննարկել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ողջույններ է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և հրավիրել նրան Հայաստան։
Սիմոնյանն ու Ղալիբաֆն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հունիսին Թեհրանում։ Հայաստանի ԱԺ նախագահը Իրան էր մեկնել Իրանի Մեջլիսի նախագահի հրավերով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի Մեջլիսի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը