Մատչելիության հղումներ

Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը. Աբդոլլահիան


Իրանական կողմը դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը, հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ:

«Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը», - ընդգծեց նա:

Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը՝ հայտարարելով. «դա մեր կարմիր գիծն է»:

«Կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նույնիսկ յուրաքանչյուր նմանատիպ մտածելակերպին», - ասաց Աբդոլլահիանը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարեց, որ մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը «Ադրբեջանի առավելապաշտական, մաքսիմալիստական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ լուծումների գնալու դժկամությունը»:

«Հուսով ենք, որ առաջիկայում այս խոչընդոտը կհաղթահարվի և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել փոխադարձ ընդունելի իրավիճակների», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Իրանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ Թեհրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխություն։ Անցած շաբաթ, մասնավորապես, նախագահ Ռայիսին է այդ մասին ասել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, նախօրեին էլ արտգործնախարարն է հայտարարել` «Իրանը թույլ չի տվել, որ Հայաստանի հետ հաղորդակցման ուղին փակվի և հանուն դրա «գնացել է մինչև տարածաշրջանում զորավարժության անցկացում»։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG