«Էս խոցելիագույն վիճակում ազգային համախմբումը մի լուրջ ռեսուրս էր»․ Լևոն Զուրաբյան

Արդյոք Կաթողիկոսի, Հայաստանի ու Արցախի նախագահների հանդիպումները շարունակություն կունենան, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը չգիտի։ Զուրաբյանը վկայակոչեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ «Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը, մեկը իշխանությունը պահելու մոլուցքով, մյուսը իշխանությունը վերցնելու մոլուցքով այդ ազգային համախմբման հեռանկարը վիժեցրել են»։

«Ազատության» հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց՝ էս խոցելիագույն վիճակում ազգային համախմբումը մի լուրջ ռեսուրս էր։

Եթե Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հանդիպեին և փորձեին ինչ-որ միասնական դիրքորոշումների գալ, սա էապես կուժեղացներ Հայաստանի դիմադրելիությունը, ասաց Զուրաբյանը՝ շեշտելով՝ նախ բավականին լուրջ իմպուլս կտար Հայաստանին։

«Այսինքն՝ էդ բզկտված վիճակը, որում այսօր մեր ազգը գտվում է, ինչ-որ իմաստով կվերանար, դա նաև թույլ կտար միասնաբար ինչ-որ ծանր որոշումներ ընդունել ու այդ ծանր որոշումներն իրագործել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին հեռու պահել էն վտանգավոր դիրքորոշումներից ու որոշումներից, որ ինքը կարող է փորձել իրականացնել, և արդյուքնում կոտրած տաշտակի առջև նստի Հայաստանը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանը նկատեց՝ Ռուսաստանի ու Արևմուտքի հակամարտությունը, որը գնում է Ուկրաինայում, նաև տեղափոխվել է Հայաստան, նոր՝ կովկասյան ֆրոնտ է բացվել էս ազդեցության, պայքարի համար և հսկաների այս պայքարում Հայաստանը կարող է ոտնատակ լինել։ «Մենք շատ զգույշ պետք է լինենք», - եզրափակեց ՀԱԿ փոխնախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջին անգամ հանդիպեցին սեպտեմբերի վերջին՝ Մայր Աթոռում։ Ժամեր տևած հանդիպման արդյունքում այդպես էլ որևէ համաձայնության չեկան, որոշեցին շարունակել հանդիպումները։

Առաջին նախագահը հանրային հեռուստաընկերության եթերում առաջարկեց վարչապետ Փաշինյանը նախկին նախագահների հետ մեկ սեղանի շուրջ ներկայացնի՝ ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։ Ռոբերտ Քոչարյանը մերժեց այս առաջարկը։ Երկրորդ նախագահի պատկերացմամբ՝ լուծումը Փաշինյանի հրաժարականն է։

Հոկտեմբերի սկզբին Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակվեցին Ադրբեջանի պահանջները։ Տեր-Պետրոսյանը Կաթողիկոսի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված համարեց։

Հարցազրույցի երեք օր անց «Հայկական ժամանակում» հրապարակվեց Հայաստանից Ադրբեջանի ու դաշնակից Ռուսաստանի պահանջները։ Տեր-Պետրոսյանի գրասենյակից արձագանքելով Փաշինայնի հրապարակմանը՝ հայտարարեցին, թե իշխանության և ընդդիմության միջև երկխոսության հնարավարությունը վիժեցրին Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Մայր Աթոռից հայտարարել են, որ Գարեգին երկրորդը առանձին քննարկումներ կսկսի նախագահների հետ, որ հստակեցնի նրանց միասնական հանդիպման շարունակության հարցը։

Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․