Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում երկու ժամից ավելի տևած քննարկման արդյունքում նախկին նախագահները կոնկրետ եզրահանգման չեն եկել


Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպումը երեկ ուշ երեկոյան ավարտվեց առանց բովանդակային հայտարարության։

Նախկին նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես եկած Դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ասում է. - «Հանդիպման փաստը արդեն իսկ շատ կարևոր էր»։

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Մայր Աթոռում քննարկել են Հայաստանում ստեղծված ծայրահեղ ծանր դրությունը։ Նախագահները կաթողիկոսի հրավերով էին հավաքվել։

Ի՞նչ լուծումներ, ելքեր են առաջարկվել, քննարկվել, նախագահների գրասենյակներից երեկվանից լռում են։ Էջմիածնի կարճ հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ երկու ժամից ավելի տևած քննարկման արդյունքում կոնկրետ եզրահանգման չեն եկել։

Ըստ Մայր Աթոռի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշել են շարունակել հանդիպումները։

«Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք տեսանելի արդյունքներ», - նշեց Սաղաթելյանը։

Տասն օր առաջ, երբ Ադրբեջանը հարձակվեց, Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարներին, Վեհափառին մեկ սեղանի շուրջ լուծումներ գտնելու հրապարակային առաջարկ արեց Դիմադրություն շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը. - «Սա այլևս քաղաքական պայքար չի, սա վաղուց արդեն կուսակցական պայքար չի։ Սա գոյաբանական, լինելու-չլինելու հարց է»։

Հինգ ամիս առաջ Սարգսյանին, Քոչարյանին ու Փաշինյանին մեկ սեղանի շուրջ նստելու առաջարկ էր արել Տեր-Պետրոսյանը, երբ երկրորդ ու երրորդ նախագահների առաջնորդած ուժերը փողոցում հանրահավաքներ էին սկսել՝ վարչապետի հրաժարականի պահանջով։

Տեր-Պետրոսյանն իր հոդվածում մեկնաբանելով երկրում ստեղծված իրավիճակը, իշխանության ու ընդդիմության գործունեության հետեւանքները՝ մտավորականներին հորդորել էր ստիպել Փաշինյանին, Քոչարյանին և Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ, ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից:

Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդը, բացառում է Փաշինյանի շուրջ համախմբումը. - «Փոխել բանակցողին։ Դա չի քննարկվում, միակ ելքը դա է։ Փոխելով Նիկոլին մենք կարճ ժամանակում մի քանի արագ հարց ենք լուծում։ Առաջինը, ինքը իր հետ տանում ա բոլոր բանավոր պայմանավորվածությունները»։

Նախկին նախագահները, որ հայտնի են իրենց սուր հակասություններով, վերջին անգամ հանդիպել էին անցած տարի՝ նախընտրական փուլում։ Այն ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջարկել էր մի կողմ թողնել սկզբունքային տարաձայնություններն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով։ Ըստ առաջին նախագահի, Քոչարյանը մերժել էր, Սարգսյանը կարծիք չէր հայտնել։

Արդյո՞ք մինչ այս պահը հրապարակային քննարկված լուծումները եղել են նախագահների երեկվա օրակարգում, կողմերը դեռ մանրամասներ չեն հայտնում։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը վստահեցնում է, թե տեղյակ է քննարկվող լուծումների բովանդակությունից, իրավասու չէ խոսել դրա մասին. - «Ես չեմ կարող խոսել այդ հանդիպման մանրամասների մասին։ Այո, գիտեմ, բայց ճիշտ չի, որ այդ մասին խոսեմ ես»։

Մայր Աթոռում նախկին նախագահների հանդիպման մասին ի՞նչ կարծիքի են Նիկոլ Փաշինյանի թիմում։ Արդյո՞ք այս հանդիպումը սպառնում է նրա իշխանությանը, և ո՞ւմ շուրջ պետք է համախմբվեն նախկինները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խոսնակը հրաժարավեց խոսել հանդիպման մասին։

Իսկ պատգամավոր Արսեն Թորոսյանը փոխանցեց, թե ուժի մեջ է օրեր առաջ արած գրառումը. - «Նման իրավիճակներում բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է համախմբվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ, քանի որ դրանից ավելի բարձրագույն արժեք մենք չունենք և չենք կարող ունենալ»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանությունից։ Երբ և որտեղ է սպասվում նախագահների հաջորդ հանդիպումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց՝ դեռ հայտնի չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG