Մատչելիության հղումներ

ՀՀ նախկին նախագահները քննարկումներ են անցկացնում հնարավոր հանդիպման շուրջ


Հայաստանի նախկին նախագահները քննարկումներ են անցկացնում հնարավոր հանդիպման շուրջ, «Ազատությանը» հայտնեցին նրանց մերձավոր շրջապատից։

ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մանրամասնեց, որ արդեն պայմանավորվածությունների ձեռք բերման փուլում են. - «Առաջարկը ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին։ Էս ուղղությամբ տարբեր ֆորմատներով հանդիպումներ եղել են, հույս ունեմ առաջիկայում տեսանելի արդյունք կունենանք»։

Հենց Իշխան Սաղաթելյանն էր սեպտեմբերի 13 -ին՝ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման օրը, նախկին նախագահներին և կաթողիկոսին կոչ արել մեկ սեղանի շուրջ հավաքվել՝ ելքեր առաջարկելու համար. - «Վիճակը օրհասական է։ Անհրաժեշտ է, որ երկրի բոլոր ազդեցիկ դեմքերը առաջիկայում հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած Հայոց Վեհափառից, վերջացրած նախկին նախագահներից, Արտաքին գործերի բոլոր նախարարներից, Գլխավոր շտաբի պետերից, Պաշտպանության նախկին նախարարներից... պետք է հավաքվեն մի սեղանի շուրջ։ Կարող ուժերը պետք է համախմբվեն, ընդունեն համապատասխան որոշումներ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար»։

Առաջարկից հետո օրեր շարունակ լուռ էին թե՛ նախկին նախագահների գրասենյակները, թե' Մայր Աթոռը։ Հինգ օր անց՝ սեպտեմբերի 18-ին միայն Մայր Աթոռն ու Առաջին նախագահի գրասենյակը տեղեկացրին Լևոն Տեր-Պետրոսյան - Գարեգին Երկրորդ հանդիպման մասին։

«Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը», - ասված էր հաղորդագրության մեջ, որտեղ ոչինչ չկար այդ հանդիպման ֆորմատի հնարավոր ընդլայման մասին։ Այսօր էլ կաթողիկոսը չի ցանկացել մանրամասներ հայտնել․ արդեն երկրորդ տարին է՝ 44-օրյա պատերազմից հետո Գարեգին Երկրորդը Անկախության օրը վարչապետից անջատ է Եռաբլուր այցելում։

Կաթողիկոսի հետ հանդիպումից երկու օր անց Տեր-Պետրոսյանը հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառմամբ միայն փոխանցել էր, որ հանդիպմանը քննարկվել են «Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին» հարցեր։

Հանդիպման նախորդ օրը Արցախի նախագահը միասնականության ու համախմբան կոչ էր արել՝ վերահաս աղետը կանխելու համար. - «Միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ կոնկրետ նախաձեռնության դեպքում երրորդ նախագահը պատրաստ է հանդիպման. - «Եթե նման նախաձեռնություն լինի, բնականաբար նախագահը՝ Հանրապետական կուսակցության ղեկավարը կմասնակցի։ Ավելացնելու բան չունեմ։ Մի բան կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության ինքիշխանությունը, անկախությունը այս ապաշնորհ կառավարիչների կողմից և նրանց պատճառով վտանգված է։ Մենք ունենք երկու մեծ սպառնալիք մեր անկախության։ Դա ներքին սպառնալիքն է՝ էս ոչ-պրոֆեսիոնալ կառավարիչները, որը կոչվում է նիկոլիզմ։ Եվ մյուս սպառնալիքը արդեն թուրք-ադրբեջանական տանդեմն ա։ Եվ այս իրավիճակում, այո, ես տեսնում եմ, որ նման նախաձեռնություն եթե լինի, մենք պատրաստ ենք ազգային ու պետական ուժերի հետ հանդիպել»։

Նախկին նախագահները մեկ սեղանի շուրջ էին նստել 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 20 -ին։ Բացառիկ այդ հանդիպման հիմքերը կողմերը բացատրել էին «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտությամբ»։

Դրանից հետո նախկին նախագահները առնվազն ևս մեկ հանդիպում են ունեցել, որի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը փակագծեր բացեց պոստ ֆակտում։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Տեր -Պետրոսյանը հայտարարեց, որ «Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը կանխելու նպատակով» առաջարկել է երկրորդ և երրորդ նախագահներին խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով և պայմանով, որ իրենք՝ Տեր-Պետորսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս են գալիս քաղաքականությունից:

Առաջարկը, սակայն, չընդունվեց։ Ըստ Տեր -Պետրոսյանի Ռոբերտ Քոչարյանն անմիջապես էր մերժել։ Մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած այդ քննարկումներից հետո նախկին նախագահների նոր հանդիպումների մասին չի հայտարարվել։

Նրանց գրասնեյակները առայժմ չեն մեկնաբանում, թե հնարավոր հանդիպման օրակարգում ինչ հարցեր կարող են քննարկել։

XS
SM
MD
LG