Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ


Այս պահին աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ, «Ազատությանը» փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Չնայած տարաձայնություններին, Հայաստանի երեք նախկին նախագահները հրապարակավ պատրաստակամություն են հայտնել շարունակելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությունը։

«Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու», - նշել է առաջին նախագահը:

Առաջին հանդիպումից հետո նախ Տեր-Պետրոսյանը իր առաջարկները բացահայտեց. իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկում է Հայաստանի համար ճակատագրական այս պահին համատեղ որոշումներ կայացնել, կիսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ստորագրվելիք փաստաթղթերի պատասխանատվությունը։

Իշխանության շուրջ միավորմանը դեմ արտահայտվող Ռոբերտ Քոչարյանն իր առաջարկը ուղիղ չի հնչեցնում, բայց իմպերատիվ պահանջ է համարում իշխանափոխությունը, որ բանակցողը փոխվի։ Նա դեմ չէ իրավիճակից դուրս գալու համար նաև Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներին։

«Տեր-Պետրոսյանի առաջարկը կատեգորիկ անընդունելի էր, օրինակ, ինձ համար, բայց մենք չենք ասել դրանից հետո, եր վերջ, մենք այլևս այստեղ չենք գալու, որովհետև սա անընդունելի է մեզ համար: Մենք դուռը բաց ենք թողել, այո, քննարկումների համար» , - ասաց Քոչարյանը:

Հանդիպմանը մասնակցած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պատկերացումները չի կոնկրետացրել: Ե՛վ նախկին նախագահների լուծումները պետությանն ու ժողովրդին առաջարկելուն, և՛ պայքարի ոգին արթուր պահելուն է կողմ։

Նրա ղեկավարած ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էլ Սարգսյանի առաջարկները չեն բացահայտում։ Հիմնականում հանրապետականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն «Ազատության» եթերում չհամաձայնեց Տեր-Պետրոսյանի հետ, թե ով էլ գա նույնը կամ գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու, չմերժեց Ռոբերտ Քոչարյանի առաջարկը։ Նրա կարծիքով էլ, բանակցողի փոփոխություն անհրաժեշտ է։ Անհնար համարեց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունը:

«Ակնհայտ է, որ ինչ-որ խոստում է եղել, որից հետո հետքայլ է եղել, որը հիմա փորձում են ուժով պարտադրել: Առնվազն հիմնական բանակցողի փոփոխությունը կբերի էդ բանավոր խոստումների չեղարկմանը: Փաշինյանը ունի բանավոր խոստումներ տալու փորձառություն, հիշենք Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը, որը չկար նոյեմբերի 9- համաձայնագրում, փաստացի մինչև էսօր չենք տեսել դրա գրավոր հրամանը Զինված ուժերին, ՊՆ-ն չի ընդունում», - ընդգծեց Մամիջանյանը:

Իշխանությունից հայտարարում են՝ Փաշինյանի փոփոխության հարց չեն քննարկել, չեն քննարկելու։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կարծում է՝ եթե լինի նախկին նախագահների հետ հանդիպման, բանակցային գործընթացը գաղտնազերծելու առաջարկ, վարչապետը չի մերժի։

«Ներկայիս իրավիճակում քաղաքական համախմբումը միայն օգուտ կարող է տալ, բայց եթե անկեղծ լինեմ, ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ուզում է իշխանություն: Ցանկացած հարց, որ դուք ինձ տաք՝ ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը անում սա կամ նա, ես կասեմ՝ որովհետև նա ուզում է իշխանություն», - հայտարարեց Ռուբինյանը:

Անցած շաբաթ Կաթողիկոսի հրավերով քննարկմանը մասնակցել էին նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք մինչ այս պահը լռություն են պահպանել։

Մայր Աթոռում աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

XS
SM
MD
LG