Կիևը գնդակոծվել է իրանական արտադրության ԱԹՍ-ներով

Առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել իրանական արտադրության տասնյակ անօդաչու սարքերով։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիևի կենտրոնական թաղամասերից մեկում չորս պայթյուն է եղել, կան զոհեր, նրանց թվում մի հղի կին։ Բնակելի շենքերի փլատակների տակ մարդիկ են մնացել։

Այս հարվածները հաջորդում են անցած շաբաթ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների զանգվածային գնդակոծությանը։

Կիևի ուղղությամբ հարվածների տեսանյութն առավոտյան հրապարակել է նախագահ Զելենսկին՝ գրելով. «Ողջ գիշեր և առավոտյան թշնամին ահաբեկեց խաղաղ բնակչությանը։ Կամիկաձե դրոնները և հրթիռները գրոհել են ողջ Ուկրաինան»։

Իրանական անօդաչուների հարվածների պառճառով Ուկրաինայի արտգործնախարարն այսօր Եվրամիության արտգործնախարարների խորհրդին դիմել է ռմբապաստարանից և հորդորել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. - «Այսօր առաջին անգամ ուկրաինա-իրանական հարաբերությունների պատմության մեջ ես կոչ արեցի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ինչպես ասում են, մեր համբերության բաժակը լցվեց: Մենք շատ երկար ժամանակ լսել ենք տարբեր բացատրություններ և փաստարկներ, բայց դուք չեք կարող թաքցնել ճշմարտությունը: Եվ այսօր այդ ճշմարտությունը հարվածեց Կիև քաղաքի տներին, հետևաբար եկել է ժամանակը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի Դաշնությանը զենք մատակարարելու համար»։

Մայրաքաղաքից բացի, հրիթիռակոծվել են նաև Նիկոլաև, Զապորոզժիե, Խարկով քաղաքները, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Օդեսայի մարզերը։ Ռուսական կողմը հրթիռակոծում է նաև Արևմտյան Ուկրաինայի էներգերտիկ ենթակառուցվածքները։

Ռմբակոծվում է, սակայն, ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի տարածքը։ Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում երեկ, տեղի իշխանությունների փոխանցմամբ, առնվազն վեց պայթյուն է եղել, վնասվել են բնակելի շենքեր։

Զուգահեռ շարունակվում են թեժ մարտերը ռազմի դաշտում։

Ուկրաինական ուժերը շարունակում են հակահարձակումը երկրի հարավում՝ Խերսոնի մարզում մոտենալով ռուսների վերահսկողության տակ գտնվող մարզկենտրոնին։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը պնդել է, թե ռուսները Խերսոնի շրջանից տարհանում են պետական հիմնարկները. - «Օկուպանտները սկսել են այսպես կոչված պետական հիմնարկների տարհանման գործընթացը: Ըստ առկա տեղեկությունների, բանկերի և կենսաթոշակային ֆոնդի աշխատակիցները և ունեցվածքը Խերսոնից տեղափոխվում են ժամանակավոր օկուպացված Ղրիմ»։

Իսկ ռուսները փորձում են Դոնեցկի մարզում գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Բախմուտ քաղաքը։

Չեն դադարում միջուկային զենքի կիրառման վտանգի մասին քննարկումները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ Ռուսաստանը մտադիր են միջուկային ուժերի ծրագրված զորավարժություններ անցկացնել

ՆԱՏՕ-ն այսօր ամենամյա վարժանքներ է սկսել դաշինքի եվրոպական տարածքը միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքներից պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ն միաժամանակ ընդգծում է, որ զորավարժությունները կապված չեն ուկրաինական պատերազմի հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պետական պաշտոնյաներն ու Կրեմլի քարոզիչները բազմիցս հասկացրել են, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել։ Սեպտեմբերի 21-ին մոբիլիզացիայի մեկնարկի կապակցությամբ ժողովրդին հղած ուղերձում, օրինակ, Պուտինը ասել էր, թե իշխանությունները Ռուսաստանի տարածքը պաշտպանելու համար պատրաստ են օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բոլոր, այդ թվում միջուկային միջոցները՝ ընդգծելով՝ «դա բլեֆ չէ»։

Երեկ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ասել է, թե Վաշինգտոնը կարձագանքի, եթե Մոսկվան նույնիսկ տակտիկական միջուկային զենք կիրառի Ուկարինայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կարձագանքի Ռուսաստանի կողմից ցանկացած միջուկային զենքի կիրառմանը. Սալիվան


Ու թեև Արևմուտքն աննախադեպ աջակցություն է տրամադրում Կիևին, այդ թվում ծանր սպառազինություն ու հակաօդային համակարգեր, միևնույն ժամանակ շեշտում է, որ Ռուսաստանի դեմ պատերազմին չի մասնակցում։ Այժմ Վաշինգտոնն ու Բրյուսելը ակնարկում են, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե ռուսները միջուկային զենք կիրառեն։

Պաշտոնական Մոսկվան մինչդեռ պնդում է, որ ՆԱՏՕ-ն արդեն միջամտել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։

«ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն միջամտել է հակամարտությանը, բայց դա որևէ կերպ չի ազդի մեր բոլոր նպատակների և սպասելիքների վրա, այսինքն՝ օպերացիան շարունակվում է և կհասցվի մինչև վերջ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի օգնությունը Կիևին էապես բարդացնում է իրավիճակը, սակայն Ռուսաստանը հնարավորություն ունի շարունակելու «հատուկ ռազմական օպերացիան»: