Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարձագանքի Ռուսաստանի կողմից ցանկացած միջուկային զենքի կիրառմանը. Սալիվան


Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

Միացյալ Նահանգները կարձագանքի՝ անկախ այն բանից, թե ինչ միջուկային զենք կկիրառի Ռուսաստանն Ուկրաինայում, երեկ CNN-ին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«ԱՄՆ-ը կպատասխանի, եթե Ռուսաստանը նույնիսկ մարտավարական միջուկային զենք կիրառի», - պնդել է Սալիվանը՝ հավելելով. - «Ուկրաինական ռազմի դաշտում միջուկային զենքի օգտագործումը ուկրաինական ռազմի դաշտում միջուկային զենքի օգտագործում է, և մենք տարբերություն չենք դնելու»:

Սալիվանը հարցազրույցում նաև ասել է, թե Վաշինգտոնն աշխատում է այլ երկրների, ներառյալ՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ, որպեսզի համոզեն Ռուսաստանին՝ չմտածել միջուկային զենք կիրառելու մասին:

Սեպտեմբերին, սակայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում մարտավարական միջուկային կամ քիմիական զենքի կիրառման դեպքում ամերիկյան պատասխանը կախված կլինի «նրանք արածի մասշտաբից», իսկ անցած շաբաթ ասել է, որ չնայած Ռուսաստանի նախագահն անպատասխանատու հայտարարություններ է անում, ինքը չի հավատում, որ Վլադիմիր Պուտինը կգնա «միջուկային Արմագեդոնի» ճանապարհով:

Միջուկային սպառնալիքին Արևմուտքի պատասխանի մասին անցած շաբաթ խոսել էր նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հայտարարելով, թե Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները պատասխան քայլի կդիմեն, եթե Ռուսաստանը որոշի միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում:

Արևմուտքը թեև աննախադեպ հսկայական օգնություն է տրամադրում Կիևին, այդ թվում՝ արդիական ծանր սպառազինություն է մատակարարում, այդուհանդերձ, պարբերաբար շեշտում է՝ պատերազմին չի մասնակցում: Իրավիճակը, սակայն, կարող է փոխվել, եթե Մոսկվան որոշի միջուկային զենք կիրառել: Բազմիցս ակնարկել են Բրյուսելն ու Վաշինգտոնը, սակայն չեն հստակեցրել, թե ինչ պատասխանի մասին է խոսքը:

XS
SM
MD
LG