Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ասել է, թե չի բացառում հանրապետություն ռուսաստանցիների աննախադեպ ներհոսքի պայմաններում Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերանայումը: Նրա խոսքով` վերջնական որոշումը պետք է կառավարությունը կայացնի:
«Չեմ բացառում, որ ստիպված լինենք վերանայել այսօրվա դրությամբ այդ բավական ազատական ռեժիմնը: Հարցը, հասարակության հետ միասին, պետք է լուծի գործադիրը»,- ասել է Զուրաբիշվիլին Քիշնևում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ ասուլիսում:
Վրաստանի իշխանությունների փոխանցմամբ, Ռուսաստանից երկիր է ժամանել ավելի քան 42 հազար ռուսաստանցի: Ընդդիմությունը կառավարությանը կոչ է անում վիզաների պահանջ սահմանել և փակել մուտքը Ռուսաստանի քաղաքացիների համար:
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ասել է, թե ռուսաստանցիների ներհոսքը մարտահրավեր է, բայց սպառնալիք չէ: Նրա խոսքով` ժամանողների թվում նաև շատ են մարդիկ, ովքեր ժամանակին կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը կամ երկքաղաքացիություն ունեն:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը հայտնել է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Վրաստան ավելի քան 780 հազար տուրիստական ուղևորություն է կատարվել, ինչը հինգուկես անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թվով Ռուսաստանն առաջին տեղում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները զանգվածաբար տներ են գնում Վրաստանում, ինչը մտահոգում է ընդդիմությանը