Մատչելիության հղումներ

«Ես պատերազմ գնալ չեմ պատրաստվում». Երևան ժամանած ռուսաստանցի


Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո Երևան ժամանող ռուսների թիվը կտրուկ ավելացել է, սակայն առայժմ պաշտոնական վիճակագրություն չկա, թե քանի ռուսաստանցի է սեպտեմբերի 21-ից հետո հատել սահմանն ու եկել Հայաստան: Մոսկվա- Երևան ավիատոմսերը դեռ չափազանց թանկ են, իսկ սահմաններին հերթեր են։

«Ես դեռ քիչ թե շատ հարմար արժեքով տոմս գնեցի, սովորականից 3 անգամ թանկ, բայց հենց զորահավաքը հայտարարեցին, անմիջապես գնեցի տոմսը։ Իմ դեպքում ամեն ինչ պարզ է, ես պատերազմ գնալ չեմ պատրաստվում։ Ես առհասարակ դեմ եմ պատերազմներին, իսկ Ուկրաինայում տեղի ունեցողի համար մեղադրում եմ Ռուսաստանին», - «Ազատությանն» ասաց Երևան տեղափոխված ռուսաստանցիներից մեկը։

Երևանի կենտրոնում ռուսաստանցիների հանդիպում ես գրեթե ամեն քայլի, վերջին շաբաթվա ընթացքում ավելի շատ են տղամարդիկ։ Մեզ հետ զրուցածների մեծ մասը նախընտրում է չներկայանալ, իսկ ոմանք համաձայնեցին խոսել առանց նկարահանման։

«Ես պատրաստվում եմ այստեղ ապրել։ Ինձ Երևանում շատ դուր է գալիս, ինձ Հայաստանն է դուր գալիս, մարդիկ լավն են, ընդհանուր առմամբ այստեղ ավելի լավ է։ Հարցն անգամ եղանակը չէ, այլ մարդիկ են, մարդիկ ուրիշ են», - ընդգծեց մեկ այլ ռուս։

Մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը խոստովանում էր, որ Հայաստան է եկել պատերազմ չգնալու համար. «Մոբիլիզացիա հայտարարելուց հետո մի քանի օր հայտնվել էի շատ տարօրինակ վիճակում, Հայաստանում էի, չէի կողմնորոշվում վերադառնալ՝ հաշվի չառնել ռիսկերը, թե ոչ։ Բազմաթիվ համաքաղաքացիները փորձում էին ընդհակառակը՝ հեռանալ Ռուսաստանից, մեծ հերթեր սահմաններին, թանկ տոմսեր։ Հենց այս ամենը տեսնելով տարօրինակ կլիներ վերադառնալ այն երկիր, որտեղից բոլորը փախչում են։ Միանշանակ կասեմ, որ բանակին չեմ ուզում միանալ, բայց հատկապես չեմ ուզում կռվել Ուկրաինայի դեմ, չեմ սատարում այդ այդ ամենը»։

Ոմանք էլ ասում էին, որ զորահավաքի պատճառով չէ, որ հեռացել են Ռուսաստանից։

«Եկել եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալու, ես հայ եմ, ծնվել ապրել եմ Ռուսաստանում, հայրս հայ է, ում միջոցով փաստաթղթեր եմ ստացել մեր դեսպանատնից ու եկել եմ քաղաքացիություն ստանալու», - նշեց «Ազատության» մեկ այլ զրուցակից։

Այսպիսի բազմաթիվ մարդկանց, որոնք նշում էին, որ ծնողներից կամ անգամ պապերից մեկն է հայ եղել ու եկել են քաղաքացիության համար դիմելու, հանդիպեցինք Անձնագրերի ու վիզաների վարչության շենքի մոտ, կային նաև Ռուսաստանում մեծացած ու ապրած հայերը, որոնք ևս որոշել էին դիմել անձնագրի համար։

«Հայրս հայ էր, նա արդեն չկա, իսկ մայրս՝ ռուս։ Որոշեցի գալ այստեղ հանգստանալ, վերջին անգամ Հայաստանում մոտ 40 տարի առաջ էի եղել, արյունս էր պահանջում գալ, վայելել երկիրը և միևնույն ժամանակ որոշեցի ստանալ քաղաքացիություն, երկրորդ անձնագիր», - ասաց նրանցից մեկը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում մինչև հուլիս հաստատվել էր 40 հազար ռուսաստանցի։ Նոր տվյալները առայժմ չկան։

XS
SM
MD
LG