Կաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները կրկին հանդիպեն

Այսօր Մայր Աթոռից հայտարարել են, որ Գարեգին երկրորդը առանձին քննարկումներ կսկսի նախագահների հետ, որ հստակեցնի նրանց միասնական հանդիպման շարունակության հարցը։

Ե՞րբ են նախատեսված Վեհափառի հանդիպումները։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը փակագծեր չի բացում. - «Այս պահին ոչ մի հստակ բան չկա։ Պարզապես երբ որ կլինեն այդ հանդիպումները, ըստ պատշաճի կտեղեկացվի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր Աթոռում երկու ժամից ավելի տևած քննարկման արդյունքում նախկին նախագահները կոնկրետ եզրահանգման չեն եկել

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջին անգամ հանդիպեցին երկու շաբաթ առաջ՝ Մայր Աթոռում։ Ժամեր տևած հանդիպման արդյունքում այդպես էլ որեւէ համաձայնության չեկան, որոշեցին շարունակել հանդիպումները։

«Եվ ես պիտի գնահատեմ Վեհափառ հայրապետի ջանքերը, եռանդը այս գործը գլուխ բերելու և շարունակելու ուղղությամբ», - նշել է Տեր-Պետրոսյանը։

Կաթողիկոսի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը, սակայն, սպառված է համարում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց, ըստ առաջին նախագահի գրասենյակի՝ Վեհափառի համառ ջանքերն արդյունք տվեցին, և նրա նախաձեռնության շնորհիվ քաղաքական բանավեճ ծավալվեց։

Երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակվեցին Ադրբեջանի պահանջները։

Այս հրապարկմանը նախորդել էին Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի հայտարարությունները։ Առաջին նախագահը հանրային հեռուստաընկերության եթերում առաջարկել էր վարչապետ Փաշինյանը նախկին նախագահների հետ մեկ սեղանի շուրջ ներկայացնի՝ ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից. - «Էնպիսի մի պահ է, որ պահանջում այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»։

Ռոբերտ Քոչարյանը մերժեց այս առաջարկը։ Երկրորդ նախագահի պատկերացմամբ՝ լուծումը Փաշինյանի հրաժարականն է։ Չնայած առաջարկն անընդունելի է, բայց դուռը բաց է քննարկումների համար։ Ասել էր Ռոբերտ Քոչարյանը. - «Տեր-Պետրոսյանի առաջարկը կատեգորիկ անընդունելի էր, օրինակ ինձ համար։ Բայց մենք չենք ասել դրանից հետո, որ վերջ, մենք այլևս այստեղ չենք գալու, որովհետև սա անընդունելի է մեզ համար։ Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար»։

Վեհարանում հանդիպումից հետո դեռ չի խոսել Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահի գրասենյակը միայն կարճ հաղորդագրություն է տարածել. - «Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից՝ հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»:

Պատրա՞ստ է գործող վարչապետը նախկին ղեկավարների հետ մեկ սեղանի շուրջ նստել ու բանակցությունների մասին պատմել։ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ուղիղ չարձագանքեց. - «Քանի դեռ կոնկրետ ձևակերպված առաջարկ չկա, ես արձագանքելու հարկ չեմ համարում»։

Հարցազրույցի երեք օր անց իր ընտանիքին պատկանող թերթում հրապարակեց Հայաստանից Ադրբեջանի ու դաշնակից Ռուսաստանի պահանջները։

Տեր-Պետորսյանի գրասենյակից արձագանքելով Փաշինայնի հրապարակմանը՝ հայտարարել են, թե իշխանության և ընդդիմության միջև երկխոսության հնարավարությունը վիժեցրին Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը։