Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ով օրեր առաջ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ հանդես էր եկել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձևի նախագծով, սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել անվտանգային օժանդակությունը ԱդրբեջանինՀայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ Մենենդեսի նոր նախաձեռնությունը ենթադրում է համապատասխան կարգավորումներ 2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատության աջակցության ակտի «907-րդ բանաձևի» կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումը ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից, նշված է հաղորդագրությունում:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է. - «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին՝ Հայաստանին ու Արցախի համար իրական վտանգ ներկայացնող տարածաշրջանային երկու անխոհեմ ուժերին պատասխանատվության ենթարկելու իր ջանքերի համար։ Ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որևէ մեկին չուղարկի զենք և ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսից կպահանջի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, ռազմական աջակցության դադարեցում2023 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մի շարք ուղղություններով շարունակում է աշխատանքները ներկայացված նախագծերի ընդունումն ապահովելու ուղղությամբ, ասված է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում:
1992 թվականին ընդունված ԱՄՆ Սենատի`«Ազատության աջակցության ակտի» թիվ 907 բանաձևը Վաշինգտոնին արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանը հրաժարվել է ուժի կիրառումից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ։ Բանաձևը որոշակի փոփոխությունների է ենթարկվել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, պահանջել էր Սենատից վերանայել այդ բանաձևը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ հակաահաբեկչական պատերազմում: Այս տարիների ընթացքում հայկական կողմը դեմ է արտահայտվել բանաձևի այդ փոփոխությանը։