Մատչելիության հղումներ

Ամերիկացի սենատորները բողոքում են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության դեմ


Արդյո՞ք սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա հարձակված ադրբեջանական ստորաբաժանումները նախկինում ուղղակի ամերիկյան օգնություն են ստացել։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և Պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին նման հարցապնդմամբ են դիմել ամերիկյան սենատի ութ ազդեցիկ անդամներ, այդ թվում՝ նախորդ ներկուսակցական ընտրությունների՝ փրայմերիների ընթացքում գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի գլխավոր մրցակից հանդիսացած, Դեմոկրատական կուսակցության ձախ թևի ոչ ֆորմալ առաջնորդը համարվող, Վերմոնտից ընտրված Բերնի Սանդերսը։

Սենատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող դեմոկրատ Էդվարդ Մարկիի հեղինակած նամակին միացել են նաև սենատորներ Դեբի Ստաբենոուն, Քորի Բուքերը, Ալեքս Պադիլյան, Ջեքի Ռոզենը, Ռոն Ուայդենը և Քրիս Վան Հոլենը՝ բոլորն էլ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ։

«Այս նամակով մենք մեր առարկությունն ենք հայտնում Միացյալ Նահանգների կողմից անվտանգության ասպարեզում Ադրբեջանին ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ հատկապես Հայաստանի դեմ վերջին սահմանային ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության դեմ պարբերաբար կրկնվող ճնշումերի լույսի ներքո», - գրում են ամերիկացի սենատորները՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած մարտերի հետևանքով ավելի քան 200 հայ և ադրբեջանցի զինվորականներ են զոհվել։

«Մեզ չափազանց մտահոգում է այն հանգամանքը, որ չնայած Ադրբեջանին անվտանգության ոլորտում օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական սահմանափակումներին, այդ երկիրը շարունակում է Միացյալ Նահանգներից նման օգնություն ստանալ՝ միաժամանակ շարունակելով Հայաստանի և էթնիկ հայերի դեմ հարձակումները։ Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է ավելի քան մեկ դար՝ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները հարևան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ՝ մասնավորաբար 2022 թվականի մարտին և սեպտեմբերին արձանագրված հարձակումները, խիստ մտահոգիչ են։ Ըստ ամենայնի, Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետևանքով ծագած տարածաշրջանային անկայունությունը հավելյալ համարձակություն է հաղորդել Ադրբեջանին, որը 4.7 մղոնով խորացել է Հայաստանի տարածքում», - գրում են ամերիկացի սենատորները՝ հատուկ ընդգծելով, որ Վաշինգտոնի գործողությունները չպետք է խրախուսեն Ադրեջանին՝ «մի նոր լայնածավալ հրդեհ հրահրելու գործում»։

«Ադրբեջանը պետք է համակերպվի այն իրողության հետ, որ ռազմական այնպիսի լուծում, որ կհանգեցնի Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության հաստատման, գոյություն չունի», - պնդում են ամերիկացի օրենսդիրները։

Բլինքենին և Օսթինին ուղղված իրենց նամակում սենատորները անդրադառնում են նաև 1992 թվականին ընդունված և 2000-ականների սկզբին, Բուշի վարչակազմի կողմից սառեցված թիվ 907 լրացմանը, որով բացառվում էր Վաշինգտոնի ուղղակի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Այժմ այս լրացման սառեցումը ամեն տարի վերահաստատվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից, Սպիտակ տունն էլ այդ իրավունքը վերապատվիրակել է փոխպետքարտուղարին, որն էլ այդ լիազորությունից վերջին անգամ օգտվել է այս տարվա հունիսին։ Ամերիկացի սենատորները, սակայն, նկատում են, որ փոխպետքարտուղար Բրայան Մաքքիոնը այս որոշումը կայացրել է՝ անտեսելով ԱՄՆ Հաշվիչ պալատի ավելի վաղ հրապարակած զեկույցը։

Հունվարին հրապարակված փաստաթղթում Կոնգրեսին կից գործող վերահսկողական այս կառույցի մասնագետները նշել էին, որ 2014 թվականից ի վեր Պետդեպարտամենտը չի կատարել թիվ 907 լրացումը ժամանակավորապես սառեցնելու գլխավոր պայմաններից մեկը։

«Պետդեպարտամենտը չի հստակեցրել, թե ինչպես է որոշում՝ արդյո՞ք [Ադրբեջանի հետ] իրականացվող ծրագրերը հարձակողական նպատակներով չեն օգտագործվի Հայաստանի դեմ», - իրենց ուղերձում գրում են ամերիկացի սենատորները՝ հստակ պատասխան պահանջող մի շարք հարցեր ուղղելով Էնթոնի Բլինքենին և Լոյդ Օսթինին։

«Առաջին՝ արդյո՞ք Պետդեպարտամենտն ու Պաշտպանության նախարարությունը մտադիր են շարունակել Ադրբեջանին անվտանգության ոլորտում օժանդակություն տրամադրել։ Եթե նման մտադրություն առկա է՝ արդյո՞ք վերը հիշատակված գերատեսչություններից որևէ մեկը վերլուծել է՝ նման օգնության տրամադրումը չի՞ խաթարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և հարձակողական նպատակներով չի՞ օգտագործվի ընդդեմ Հայաստանի՝ հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները։

Եվ երրորդ՝ արդյո՞ք գերատեսչությունները փորձել են պարզել՝ ամերիկյան օժանդակություն ստացած [ադրբեջանական] ստորաբաժանումներից որևէ մեկը մասնակցել է վերջին մարտական գործողություններին թե ոչ», - գրում են ամերիկացի սենատորները՝ պետքարտուղար Բլինքենին և պաշտպանության նախարար Օսթինին պատասխանի համար 14 օր տրամադրելով։

Ամերիկյան օրենսդրությամբ սահմանված այս վերջնաժամկետը կլրանա հոկտեմբերի 6-ին։

XS
SM
MD
LG