Մատչելիության հղումներ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ՝ ԱՄՆ Սենատում


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես, արխիվ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումը Հայաստանի վրա:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ երկու կուսակցությունների ազդեցիկ անդամների հեղինակած օրինագիծը նաև կոչ է անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունը Բաքվին, հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար:

Բանաձևի նախագիծը Ադրբեջանին կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Միացյալ Նահանգներին՝ ամուր մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից տուժած Հայաստանի և Արցախի ժողովրդին:

«Ադրբեջանի վերսկսած հարձակումը Հայաստանի տարածքի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքի անսիրտ թիրախավորումը մարդկային կյանքի նկատմամբ քամահրանքի սարսափելի ցուցադրություն է», - ընդգծել է Մենենդեսը: Նրա խոսքով՝ հայկական բնակավայրերը տառապում են Ալիևի ռեժիմի ձեռքից, և հրամայական է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնի անվտանգության ոլորտում ամեն տեսակի օժանդակությունը Բաքվին:

Ավելի վաղ սենատոր Մենենդեսը Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունը դադարեցնելու կոչով նամակ էր հղել Ջո Բայդենի վարչակազմին:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 207 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։

Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG