Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, ի՞նչ ակնկալիքներ կան մի քանի օրից Պրահայում էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից կամ այն ի՞նչ օրակարգով է լինելու:
Ռուբեն Ռուբինյան. - Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:
«Ազատություն». - Փակուղի չի՞ մտել, վերջին անգամ Քըլըչի հետ երբ եք հանդիպել, կարծես ամիսներ են անցել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար
Ռուբինյան. - Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է:
«Ազատություն». - Մինչև ե՞րբ:
Ռուբինյան. - Չկա ժամկետ:
«Ազատություն». - Անժամկետ, այսինքն՝ այն, ինչ պայմանավորվել եք, դեռ թղթի վրա է:
Ռուբինյան. - Եվ դա պետք է իրագործվի, որովհետև ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու:
«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, մյուս կողմից Անկարան անթաքույց փորձում է ցույց տալ, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, գործադրել այդ ջանքերը: Երևանը այդ ձևաչափն ընդունելի կհամարի՞, եթե Էրդողանը նման բան առաջարկի:
Ռուբինյան. - Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում:
«Ազատություն». - Վարչապետն ասաց, որ դաշնակից երկրները զենք չեն մատակարարում, ո՞ւմ նկատի ունի:
Ռուբինյան. - Ես կարծում եմ՝ բոլորին հայտնի է՝ որոնք են մեր դաշնակից պետությունները, և դա ընդամենը փաստի արձանագրում է:
«Ազատություն». - Ես տամ այդ անունը՝ Ռուսաստան, Դուք չեք ասում: Պարոն Ռուբինյան, եթե չեն օգնում, Հայաստանը դիմում է դաշնակցային պայմանագրով, ՀԱՊԿ-ին է դիմում, չեն օգնում, էլ ի՞նչ դաշնակից:
Ռուբինյան. - Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում է տեղի ունեցել և ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել, համապատասխան արձանագրումներ չի արել, համապատասխան գործողություններ չի իրականացրել: Փաստը նա է, որ կա Հայաստան-Ռուսաստան 1997 թվականի պայմանագիր և նույնպես փաստ է, որ չի գործարկվել դա, ըստ էության, վերջին իրադարձությունների արդյունքում: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մենք պետք է ի՞նչ անենք՝ արձանագրենք այս փաստերը, պետք է գնահատենք իրավիճակը և կայացնենք համապատասխան որոշումներ:
«Ազատություն». - Օրինակ՝ լքել այդ դաշինքը:
Ռուբինյան. - Ես ասում եմ՝ պետք է արձանագրենք այդ փաստը, որովհետև սա փաստ է, անհնար է ուղղակի չնկատել դա, և պետք է մենք ի վերջո գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, որ մենք ունեցել ենք 30 տարի: Նկատի ունեմ անվտանգային միջազգային ճարտարապետությունը իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ, արդարացնելու շանս ունի՞, թե՞ ոչ, եթե՝ ոչ, արդյո՞ք մենք ունենք այս-այս ճանապարհները, թե՞ ոչ, և այս համատեքստում է պետք է հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, որքանո՞վ են գետնի վրա Ամերիկայից զենք գնելու մասին խոսակցությունները, առայժմ միայն Հայ դատի հանձնախումբն է ասել:
Ռուբինյան. - Ես ընդհանրապես չեմ կարծում, որ զենք գնելու թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա:
«Ազատություն». - Իսկ անվտանգության հովանոց փնտրել Արևմուտքում, սա Դուք այսօրվա աշխարհում իրատեսական համարո՞ւմ եք:
Ռուբինյան. - Նայած ինչ նկատի ունեք անվտանգության հովանոց ասելով: Մենք, օրինակ, շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, այդ թվում՝ արևմտյան, որոնք հստակ ֆիքսել են ադրբեջանական ագրեսիան ու ներխուժումը Հայաստանի տարածք, որոնք քաղաքական և դիվանագիտական ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս ծավալապաշտական նկրտումները զսպվեն:
«Ազատություն». - Ես նկատի ունեմ ավելին՝ արևմտյան զինուժի խաղաղապահներ գան, կանգնեն:
Ռուբինյան. - Պետք է գնահատել իրավիճակը և ըստ դրա հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.