Սեփական հարկի տակ Ուկրաինայի ընտրանուն գերխոշոր՝ 0:5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին։
Մինչ հավաքականը պատրաստվում է այսօրվա հանդիպմանը, սոցցանցերում երկրպագուները պահանջում են ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հրաժարականը։ Իսպանացի մասնագետը, սակայն, Ուկրաինայի հավաքականից կրած խոշոր պարտությունից հետո ակնարկեց, որ հրաժարական չի տալու. - «Ես մինչև նոյեմբերի վերջ պայմանագիր ունեմ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար». Կապառոսը՝ Հայաստան-Ուկրաինա հանդիպման մասին
Իսպանացի մասնագետը Հայաստանի ընտրանին գլխավորել է 2020-ի մարտին, անցած տարի էլ Ֆուտբոլի ֆեդերացիան նրա հետ պայմանագիրը երկարաձգեց ևս մեկ տարով։
Հայաստանի ընտրանին Իռլանդիայի հետ հանդիպումից հետո կավարտի իր մրցելույթները Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Այս մրցաշարի կարգով երկրորդ՝ B դիվիզիոնում տեղը պահպանելու համար հայ ֆուտբոլիստներին հաղթանակ է պետք։ Այլ արդյունքի պարագայում հավաքականը կնահանջի կարգով ավելի ցածր C դիվիզիոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարումԱյս խմբում այժմ առաջատարը Շոտլանդիան է, երկրորդը՝ Ուկրաինան, 4 միավորով երրորդը Իռլանդիան է, Հայաստանի ընտրանին 3 միավորով վերջին տեղում է։ Այսօր Դուբլինում որոշվելու է, թե որ թիմը կպահպանի իր տեղն այս դիվիզիոնում։ Իռլանդիային բավարար է նաև ոչ-ոքին։
Հայաստանի հավաքականն այս խաղարկությունում պայքարը սկսեց հենց Իռլանդիայի հետ տնային խաղով։ Հունիսին կայացած երևանյան հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով , սրան հաջորդող 4 խաղերում, սակայն, Հայաստանի ընտրանին պարտվեց։ Այս հանդիպումներում հավաքականը խփեց ընդամենը 2 գոլ՝ փոխարենը բաց թողնելով 14-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը