Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Թվիթերում ափսոսանք է հայտնել Ադրբեջանի նախագահին ուղղված իր հարցադրումն անպատասխան թողնելու կապակցութամբ։
Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ում իր ելույթում պարզ հարց է հնչեցրել` արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու», - գրել է վարչապետ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ՄԱԿ-ում քննադատեց ոչ միայն Ադրբեջանին, այլև որոշ դաշնակիցներիԱվելի վաղ ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետը զգուշացրել էր. - «Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր»։
Խաղաղության պայմանագրի բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակն այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները կա'մ հրաժարվում են մեկնաբանել, կա'մ հեռախոսազանգերն անպատասխան են թողնում։
Միայն Հովիկ Աղազարյանը համաձայնեց արձագանքել՝ ասելով, թե ստեղծված իրավիճակում պետք է շարունակել դիվանագիտական ջանքերը՝ զուգահեռաբար ուժեղացնելով Հայաստանի պաշտպանունակությունը. - «Միայն դիվանագիտական քայլերով հնարավոր չի։ Նաև պետք է մեր պաշտպանունակությունը ուժեղացնենք։ Զենքի ձեռք բերման հարցով զբաղվում են համապատասխան մարմինները։ Զենքի խնդիրը ասելով մենք պետք է հասկանանք, որ մենք վաղվա համար զենքի խնդիր չունենք։ Մենք զենքի խնդիր ունենք, ասենք օրինակ, յոթ ամիս հետոյի համար։ Դու չպիտի մենակ վաղվա մասին մտածես, այլ ընդհանրապես։ Էդ իմաստով ա էդ խնդիրները»։
Մինչ այդ քաղաքական մեկնաբաններն են նշում են՝ բանակցություններում ստեղծված փակուղին մեծացնում է անվտանգության հետ կապված ռիսկերը։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ այլևս բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչին աջակցում են թե' Թուրքիան և թե' Ռուսաստանը։ Այս պարագայում, ըստ քաղաքագետի, Հայաստանին այլ բան չի մնում, քան մեծացնել իր ինքնապաշտպանական կարողությունները և աշխատել Վաշինգտոնի հետ. - «Այսինքն՝ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը ստիպված է պաշտպանել Ռուսաստանից, Թուրքիայից ու Ադրբեջանից։ Եթե Հայաստանը մնում ա էդ հարցում միայնակ, բնական է, որ Հայաստանը կա'մ ստորագրելու է, կա'մ ուղղակի Հայաստանին էնպես էն բզկտելու, որ ստորագրության կարիքն անգամ չլինի։ Հենց էստեղ է, որ կա որոշակի հնարավորության ելք, դա Նահանգների կողմից սկսված որոշակի քաղաքական խոսակցությունն է Հայաստանի հետ, որը դեռևս պայմանավորվածություն չէ, որը դեռևս այլընտրանք չէ, բայց այն որոշակի արդյունքներ արդեն իսկ տվել է»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ցանկանում է իրականություն դարձնել ի'ր նախապայմաններով, որոնք ընդունելի չեն հայկական կողմի համար, ինչը հանգեցնում է փակուղային իրավիճակի և անվտանգային լուրջ ռիսկեր է առաջ բերում. - «Հայաստանի վարչապետի հայտարարությունները այդ պայմաններում միջազգային հանրության ավելի մեծ ուշադրություն գրավելուն ուղղված քայլեր են։ Ունենք այսօր հրադադար սեպտեմբեր 13-14-ի մարտական գործողություններից հետո, բայց չունենք որևէ երաշխիք, որ այս հրադադարը կարող է վերածվել հաստատուն կայունության»։
Բադալյանի համոզմամբ՝ Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի հիմք Երևանին փորձում է պարտադրել ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում և այդպես ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին Բաքուն հայտարարում է շատ պարզ, ինչին ի պատասխան Հայաստանի իշխանությունները նշում են, թե Ադրբեջանի ներկայացրած հայտնի 5 կետերը ընդունելի են, բայց միաժամանակ ներկայացնում են իրենց կետերը, որոնք ներառում են նաև արցախահայերի անվտանգության և իրավունքների հարցերը կամ առնվազն արձանագրում, որ այդ հարցը չի կարող առնչվել հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագրին։ Այս հարցում է, որ ըստ քաղաքական մեկնաբանի, կողմերի դիրքորոշումները իրարամերժ են և չի նշմարվում մերձեցման հեռանկար։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից հնարավոր աջակցությանը, ապա Հակոբ Բադալյանի համոզմամբ, քաղաքական աջակցություն հնարավոր է ակնկալել, բայց ռազմականի մասին խոսելն իրատեսական չէ. - «Բայց Երևանը անշուշտ փորձում է գտնել քաղաքական աջակցության այլ ուղիներ, այդ թվում, բնականաբար, առաջին հերթին Միացյալ Նահանգներում՝ իրավիճակը անվտանգության տեսանկյունից կառավարելի պահելու համար և նոր բախումներ թույլ չտալու համար։ Երևանի էս ձգտումը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ ֆորմալ դաշնակցային ռազմաքաղաքական մեխանիզմները, որ կան հայ-ռուսական և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության տիրույթում, դրանք պարզապես չեն աշխատում»։
Ի դեպ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մեկնել է Վաշինգտոն, որտեղ մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունենալու: Այցի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ չի հաղորդվում։
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է նախագահ Մակրոնին։ Այս հանդիպման օրակարգը նույնպես հայտնի չէ։