Մատչելիության հղումներ

Բելառուսի ԱԳ նախարարը քննադատում է Փելոսիի այցը Երևան


Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը երեկ, ամփոփելով իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը:

«Այդ պատճառով, նման այցերը կապված չեն լինի այս կամ այն հակամարտությունների հանդարտեցման հետ, այլ ընդհակառակը՝ կապված կլինեն սրման հետ: Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել դրսի հորեղբայրներ-մորաքույրների վրա», - ասել է Մակեյը:

Նենսի Փելոսին Երևան այցելեց սեպտեմբերի 17-19-ը, այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակն արձանագրեց, որ «Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը»:

Պաշտոնական Մինսկը սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ «հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել»:

Ադրբեջանի բանակի զինանոցում նաև բելառուսական արտադրության ծանր սպառազինություն կա, որը կիրառվել է այդ թվում ղարաբաղյան 44-օրյա պատերազմում: Բելառուսը Հայաստանի հետ անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

XS
SM
MD
LG