Հայաստանի հանդեպ ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի նվազել, երեկ ՄԱԿ-ի ամբիոնից զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով միջազգային համայնքին հասցեական ու լիարժեք աջակցություն տրամադրել։ Քսան րոպեանոց ելույթում Հայաստանի վարչապետը խոսեց հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերություններից, պնդելով, թե Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել:
«Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ ես ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը ճանաչում ես, կամ՝ պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչու եմ սա հարցնում։ Որովհետև կարող է պարզվել, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունի, Հայաստանի միայն կեսը, կամ՝ դրանից էլ քիչն է Հայաստանի Հանրապետություն», - հայտարարեց Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրից՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն էլ ճանաչի Հայաստանինը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Օրեր առաջ այս հայտարարությունը Փաշինյանը հնչեցրել էր Հայաստանի խորհրդարանում, երեկ նույնը կրկնեց արդեն միջազգային լսարանի առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ հարձակվեց Ադրբեջանը. Փաշինյանը մի քանի պատճառ նշեց«Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ոչ թե տեսականորեն, այլ՝ գործնականում, նկատի ունեմ մեր՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի ամբողջականությունը, նշանակում է՝ մենք կարող ենք ստորագրել խաղաղության համաձայնագիր», - ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նկարագրեց՝ ինչ է սպասվում, եթե նման համաձայնություն չկայանա․ հետևանքները, ըստ նրա, կլինեն ծանր՝ Հայաստանի համար։
«Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար», - ասաց նա։
Ելույթ ունենալով միջազգային ամբիոնից՝ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին, այլև դաշնակիցներին քննադատեց՝ առանց անուններ հնչեցնելու։ Մի դեպքում ասաց՝ իրավիճակը կարող է սրվել, քանի որ անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունները պատշաճ չեն արձագանքում։
«Այդ հանգամանքը լրջագույն հարցեր առաջացրեց հայաստանյան հասարակության մեջ», - ակնարկեց վարչապետը։
Մեկ այլ դեպքում էլ մանրամասներ բացահայտեց դռնփակ բանակցություններից ու անցած տարվա բախումներից։
«Անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։ Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանինԱյս դեպքում ևս Փաշինյանը հստակ չասաց՝ ովքեր են մեկուկես տարի առաջ իրեն համոզել զիջման գնալ, իսկ հիմա չեն արձագանքում Ադրբեջանի նոր հարձակումներին։
Խոսելով ագրեսիայի պատճառներից՝ Փաշինյանը նաև հաղորդակցության ուղիների բացումը հիշատակեց, կրկին պնդելով, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է ուզում, մինչդեռ եռակողմ փաստաթղթերում այդ մասին որևէ խոսք չկա։
«Հայաստանը պատրաստ է կառուցել ճանապարհ, որը կգործի Հայաստանի օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո», - ընդգծեց նա։
Թեև մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարում էր, թե Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակման որոշել իր կարգավիճակը, այս անգամ ինքնորոշմանը որևէ կերպ չանդրադարձավ։ Հորդորեց միջազգային համայնքին աջակցել, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունները կարողանան անարգել Ղարաբաղ մտնել՝ տեղում հումանիտար իրավիճակն ու մարդու իրավունքները գնահատելու, մշակութային ժառանգության պաշտպանությունը երաշխավորելու համար։
«Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան ու ժողովրդավար պետության կողքին», - հայտարարեց նա։
Հայաստանի վարչապետը նշեց՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը կարող է նպաստել տարածաշրջանի անվտանգությանը։ Առաջին անգամ այդ մասին Փաշինյանը խոսել էր անցած տարվա մայիսին․ երբ ադրբեջանական բանակը հատել էր Հայաստանի սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում, պաշտոնական Երևանն առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։ Թե անցած մեկուկես տարում կոնկրետ որ կառույցին կամ երկրին է դիմել Հայաստանի իշխանությունն այս հարցով, ինչ պատասխան է ստացել,և ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել հիմա, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել։