Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքենը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական խնդիրը


Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել են Նյու Յորքում և քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

Պետական քարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությանը նպաստելու և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու գործընթացին:

Բլինքենը և Չավուշօղլուն անդրադարձել են նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պայմաններում ՆԱՏՕ-ի միասնությունը խթանելու հարցին:

Պետական քարտուղարը գովեստով է խոսել Սև ծովով ուկրաինական պարենը դուրս հանելու հարցում Թուրքիայի գործադրած ջանքերի մասին:

Հանդիպումից առաջ Բլինքենն ասել է, թե ցանկանում է շնորհակալություն հայտնել Թուրքիային որպես դաշնակցի, որը կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի հզորացման գործում և մեծ դեր է կատարում «այսօրվա մարտահրավերներին դիմակայելու հարցում»:

Չավուշօղլուն կես ժամ տևած հանդիպումից հետո Թվիթերում գրել է, որ «քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և տարածաշրջանի զարգացումները»:

Չավուշօղլուն Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:

XS
SM
MD
LG