ՀԱՊԿ առաքելության խումբը հայ - ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ Այս մասին երեկ ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում է առաջնային խումբը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին», - ասել են մամուլի ծառայությունից։
«Տեղի է ունեցել մտքերի անկեղծ և կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը», - նշված է հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության խումբը մեկնել է Մոսկվա։
Անցած շաբաթվա սկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ ուղարկեց Հայաստան։ Խումբը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կժամանի այս շաբաթ: