Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են, հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ելույթ ունենալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը:
Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։
Միրզոյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել հանուն ժողովրդավարության: Նա արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ, ապահովվում է օրենքի գերակայությունը, պաշտպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և կառավարության առաջնահերթություններից է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ:
Նախարարն ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում:
Միջոցառմանը մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ, ասված է Արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ում նաև հանդիպումներ է ունեցել Սերբիայի, Ավստրիայի արտգործնախարարների, Կոսովոյի փոխվարչապետ, արտգործնախարարի հետ՝ նրանց ներկայացնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծելով միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: