Մի քանի ժամ առաջ Նյու Յորքում ավարտվել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Այն տեղի է ունեցել Նյու Յորքի «Փալաս» հյուրանոցում՝ պետքարտուղարի միջնորդությամբ, և մոտ մեկ ժամ է տևել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Յորքում կայացավ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումըՀանդիպման մեկնարկին՝ լրագրողների ներկայությամբ, ուղերձով հանդես է եկել միայն պետքարտուղարը:
Նա գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ և ասել է, թե և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հետ հեռախոսազրույցներում փոխանցել են, որ պատրաստ են խաղաղության: Ապա եռակողմ քննարկումները շարունակվել են դռնփակ ռեժիմով:
Դա Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա Ադրբեջանի բանակի ձեռնարկած արյունալի գրոհներից հետո:
Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաև դրա սպառնալիքն անընդունելի են:
Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է գործադրել միջազգային մեխանիզմներ։
Նախարարը կարևորել է հումանիտար խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիներին շուտափույթ հայրենադարձելու անհրաժեշտությունը:
Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ վերջին բախումների հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասել է 207-ի, երկու քաղաքացիական անձի գտնվելու վայրը հայտնի չէ, 20 զինծառայող գերեվարվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանինԱրարատ Միրզոյանը եռակողմ հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
Ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, Ջեյհուն Բայրամովը վերջին բախումների համար մեղադրել է հայերին, ասելով, թե հայկական կողմը դիմել է սադրանքների, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է անցկացրել:
Բայրամովի փոխանցմամբ՝ տարածաշրջանում վերականգնողական լայնածավալ ծրագրեր իրականացնող և նախկին փախստականներին վերաբնակեցնող Ադրբեջանին իրավիճակի սրումը ձեռնտու չէ:
Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի տարածքը 30 տարի ապօրինի զավթված էր, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջարկել է խաղաղություն կնքել և բացել կոմունիկացիաները:
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է լուծել հումանիտար հարցերը, սահմանազատման ու սահմանագծման աշխատանք իրագործել, սակայն Հայաստանն, իբր, խոչընդոտում է այդ գործընթացները և կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում ընդգծել է եռակողմ հայտարարություններին և բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներին համապատասխան կայուն խաղաղություն ապահովելու նպատակով երկու երկրների ղեկավարների միջև հրատապ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպելու մինչև ամսվա վերջ»: Այլ մանրամասներ Նեդ Փրայսը չի փոխանցում՝ նշելով միայն, որ սրանք կողմերի միջև առաջին ուղղակի բանակցություններն էին վերջին մարտերից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերլուծաբանները կարևորում են Միրզոյան - Բայրամով առանց միջնորդների հանդիպումը «հենց Թբիլիսիում»Այս տարի մայիսին՝ Մոսկվայի նախաձեռնությամբ, Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Ապա հուլիսին Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչաշվիլիի միջնորդությամբ Միրզոյանը և Բայրամովը հանդիպել են Թբիլիսիում:
Նախարարներ Միրզոյանը և Բայրամովը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին: