Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին և իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Լավրովին ներկայացրել է «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը», հայտնում է ԱԳՆ-ն:
Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։
Սերգեյ Լավրովի հետ զրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը: