Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. Միրզոյանը՝ Կլաարին


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով, հաղորդում է ԱԳՆ-ն։

«Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև Ադրբեջանի զիված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը», - փոխանցում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հայաստանի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը։ Կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը։

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետության վերաբերյալ։

Կլաարը երեկ Բաքվում էր, եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պնդել էր, թե «Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունների դրույթները»։ Իսկ Իլհամ Ալիևը շեշտել էր, թե «Ադրբեջանը շարունակում է պաշտպանել խաղաղ օրակարգը`որպես Բրյուսելում կայացած քննարկումների շարունակություն»։

Մինչ այդ Երևանում Կլաարին ընդունել էր ՊՆ Սուրեն Պապիկյանը։

Եվրամիությունն, իր հերթին, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

XS
SM
MD
LG