Բաքուն մտադիր է այս տարի 30 տոկոսով ավելացնել գազի արտահանումը Եվրոպա

Բաքուն մտադիր է այս տարի 30 տոկոսով ավելացնել գազի արտահանումը Եվրոպա, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, նշելով, որ ընթացիկ տարվա ութ ամիսներին Բաքուն «Եվրոպա է մատակարարել 7,3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ»։

«2022 թվականին Եվրոպա (գազի) մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի 12 միլիարդ խորանարդ մետր, ինչը 31 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ», - Թվիթերում գրել է ադրբեջանցի պաշտոնյան։

Եվրոպայում ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով այս տարվա հուլիսին Բրյուսելն ու Բաքուն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մինչև 2027 թվականը ադրբեջանական բնական գազի ներկրումը կրկնապատկելու շուրջ։

Համաձայնագիրը նախատեսում է նաև Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի տարածքով անցնող «Հարավային գազային միջանցքի» ընդլայնում։ Այդ երթուղին կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ, թեև ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել