Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա


Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա և այս հարցը քննարկում է Անկարայի և Բրյուսելի հետ, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը:

Փարվիզ Շահբասովը, որը շաբաթավերջին ևս մասնակցում էր Անթալայում կայացած դիվանագիտական ֆորումին, «Անադոլու» գործակալության հետ խոսել է ադրբեջանական գազի արտահանման նոր ծրագերի մասին:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան հրաժարվում են ռուսական գազի ու նավթի ներկրումից։

Եվրոպական միությունը հիմա չի կարող դադարեցնել ռուսական գազի ներկրումը, քանի որ այն սպառած էներգակիրների մոտ 40 տոկոսն է կազմում: Այնուամենայնիվ, Բրյուսելը մտադիր է մինչև տարեվերջ երկու երրորդով նվազեցնել ռուսական գազի ներկրումը և էներգակիրների հարցում Ռուսաստանից ամբողջությամբ անկախանալ մինչև 2030 թվականը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, ադրբեջանական գազը կարող է այլընտրանք դառնալ Եվրոպայի համար: Շահբասովի խոսքով՝ Ադրբեջանը 2,6 տրիլիոն խորհանարդ մետր բնական գազ ունի, որը դեռ 100 տարի բավարար է և՛ ներքին սպառման ու հարևաններին մատակարարելու, և՛ Եվրոպա արտահանելու համար: Նախարարը նշել է, որ Հարավային գազային միջանցքը մեծ հեռանկար ունի և դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալները մեծացնելու նպատակով այն ընդլայնելու ծրագիր կա: Այս առումով արդեն բանակցություններ են սկսվել եվրոպական մի շարք երկրների և Թուրքիայի հետ:

Անցած ամիս այս հարցով Բաքվում Հարավային գազային միջանցք նախագծի խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստն էր կայացել, որին 19 երկրների ներկայացուցիրներ էին մասնակցել, այդ թվում՝ ԵՄ երկու հանձնակատարներ:

Էներգետիկ նոր ծրագրերի շուրջ խոսել են նաև Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները անցած շաբաթ, երբ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Անկարայում էր:

2020 թվականի վերջին Ադրբեջանը սկսել էր Տրանսատլանտյան գազատարով գազը վաճառել Եվրոպային։ Այս ծրագիրը նախատեսված է 25 տարով և ենթադրում է տարեկան շուրջ 100 մլնդ խորանարդ մետր գազի արտահանում եվրոպական շուկա, որի մեծ մասը բաժին է հասնում Իտալիային: Ադրբեջանական գազ ստանում են նաև Հունաստանն ու Բուլղարիան:

Փարվիզ Շահբասովը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Բաքվի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ Արևմուտքն ու Արևելքը իրար կապող և ողջ տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող այս միջանքը դառնալու է ոչ միայն լոգիստիկ և տրանսպորտային հաղորդակցության նոր ուղի, այլ նաև օգտագործվելու է էլեկտրաէներգիայի արտահանման համար: Նպատակ կա ապագայում միջանցքը ծառայեցնել նաև կանաչ էներգիայի արտադրման համար:

XS
SM
MD
LG