Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ուզում է դառնալ նաև էլեկտրաէներգիայի արտադրող ու արտահանող. Ալիև


Ադրբեջանի նախագահի համոզմամբ, միջազգային խոշոր ընկերություններ և ներդրողներ հետաքրքրված են ադրբեջանական ծրագրերով։

«Ադրբեջանը նպատակ ունի դառնալ էլեկտրաէներգիա արտադրող և արտահանող առաջատար երկիր», - այսօր հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում արևային էլեկտրակայանի հիմնարկեքի ժամանակ:

Այս նախագիծը Ադրբեջանը կյանքի է կոչում արաբական «Մասդար» ընկերության հետ միասին: Հիմնարկեքի առիթով այսօր Բաքվում էր ԱՄԷ-ի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուլեյման ալ Մազրուին:

Ադրբեջանի նախագահի համոզմամբ, միջազգային խոշոր ընկերություններ և ներդրողներ հետաքրքրված են ադրբեջանական ծրագրերով. - «Ադրբեջանը նավթի, նավթամթերքի և բնական գազի խոշոր արտադրող է և ուզում է դառնալ նաև էլեկտաէներգիայի արտադրող ու արտահանող: Մենք պետք է հաշվի առնենք հարևան երկրներում և եվրոպական մայրցամաքում էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկը: Մենք էներգիա ենք արտադրում էկոլոգիապես մաքուր հումքից՝ գազից, ջրից, արևից և քամուց: Ադրբեջանը վերականգնվող էներգիայի մեծ ներուժ ունի: Այդ պատճառով էլ համաշխարհային առաջատար էներգետիկ ընկերությունները հիմա շատ հետաքրքրված են այս բնագավառում մեզ հետ համագործակցությամբ: Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք նոր նախագծեր կսկսենք»:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հրաժարվում են ռուսական գազի ու նավթի ներկրումից, իսկ Եվրամիությունը մտադիր է մինչև տարեվերջ երկու երրորդով նվազեցնել ռուսական գազի ներկրումը և էներգակիրների հարցում Ռուսաստանից ամբողջությամբ անկախանալ մինչև 2030 թվականը:

Հաշվի առնելով առաջացած բացը՝ Բաքուն մտադիր է ավելացնել գազի մատակարարումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա: Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե Ադրբեջանը 2,6 տրիլիոն խորհանարդ մետր բնական գազ ունի, որը դեռ 100 տարի բավարար է և՛ ներքին սպառման ու հարևաններին մատակարարելու, և՛ Եվրոպա արտահանելու համար: Փարվիզ Շահբասովի համոզմամբ, ադրբեջանական գազը կարող է այլընտրանք դառնալ Եվրոպայի համար:

Բաքուն ուզում է օգտագործել նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների էներգետիկ պոտենցիալը: Ալիևի համոզմամբ, այդ շրջանները կարող են լավագույնս օգտագործվել արևային ու հողմային էներգիայի արտադրության համար. - «Այժմ հստակ հաշվարկներ կան, որոնց համաձայն արևային և հողմային էներգայի արտադրման ծավալները կարող են հասնել մոտ 9-10 հազար մեգավատտի: Առաջին քայլերն արդեն արվել են, և հիմա բանակցություններ են ընթանում Բրիտանական նավաթագազային ընկերության հետ 200 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման համար: Հուսով եմ, որ այդ բանակցությունները արդյունք կտան»:

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ միջազգային այլ ընկերություններ ևս հետաքրքրված են այս տարածքներով և ցանկանում են տարբեր նախագծեր իրականացնել: Իլհամ Ալիևը կրկին հայկական իշխանություններին մեղադրել է վերջին 30 տարում այդ տարածքների բոլոր ենթակառուցվածքները, պատմամշակութային կոթողները ոչնչացնելու համար. - «Մասնավորապես, նրանք ավերել են Քելբաջարում և Լաչինի շրջանում գտնվող ավելի քան 30 հիդրոէլեկտրակայան: Մենք արդեն սկսել ենք լայնածավալ աշխատանքներ տանել այս տարածքներում և մեծ ուշադրություն ենք դարձնում էլեկտրաէներգիային։ Անցած տարի մենք արդեն վերականգնել ենք 20 մեգավատտ հզորությամբ չորս հիդրոէլեկտրակայան: Այս տարի ևս 5 հիդրոէլեկտրակայան կվերականգնվի 27 մեգավատտ հզորությամբ»:

Իլհամ Ալիևը նաև գնահատել է Ադրբեջանի տնտեսական զարգացման տեմպերը՝ հայտարարելով, որ գոհ է այս տարի գրանցված արդյունքներից: Նրա խոսքով, հունվար-փետրվար ամիսներին երկրի ՀՆԱ-ն աճել է 6,7 տոկոսով, իսկ նավթարդյունաբերությունը՝ 21 տոկոսով:

XS
SM
MD
LG