Մայրը պարզել է, որ իր որդեգրված երեխան, ումից «խաբեությամբ ստիպել են հրաժարվել», իր տանն է գրանցված

Ալավերդու բնակիչ Հերմինե Մարգարյանին տակնուվրա են արել նոր ստացած տեղեկություններն իր երկվորյակ աղջիկներից մեկի մասին, որին ծննդաբերությունից հետո այլևս չի տեսել։

Վեց տարի առաջ Հանրապետական ծննդատանը բժիշկները մորն ասել էին՝ պտուղը կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի, չի ապրի։ Տուն էին գնացել երկվորյակներից մեկի հետ միայն։ Օրերս, սակայն, երբ աղքատության նպաստ ստանալու համար դիմել են պետական մարմիններին, պարզվել է, որ իրենց տանը հաշվառված է օտար ազգանունով աղջիկ։ Նրա ծննդյան տվյալները համընկնում են իրենց 6-ամյա դստեր հետ։ Ըստ փաստաթղթերի` նրան այս տանը հաշվառել են 5 տարի առաջ՝ ուրիշի ազգանունով՝ առանց ամուսինների համաձայնության։ Թե ինչպես, չի հասկանում։

«Էդ երեխան իմ տանն ա գրանցված, ո՞ւր ա էդ երեխան, եթե իմ տանն ա գրանցված: Եթե նա իմ տանն ա, պետք ա էդ երեխան ինձ հետ լինի, ո՞նց է իմ տանը գրանցված էդ երեխան, ու ո՞վ է գրանցել, ո՞ր համակարգն է այդ ամեն ինչը արել», - հարցնում է նա:

Հերմինեն 2016-ին է երկվորյակ աղջիկներ ունեցել՝ 7 տարի երեխա չունենալուց և երկարատև բուժումներից հետո։ Երկուսն էլ անհաս էին ծնվել և երկու ամիս ծննդատանը բժիշկների հսկողության տակ մնացել։ Երիտասարդ կնոջ պնդմամբ` այդ ընթացքում ծննդատան աշխատակիցներն իրեն թույլ չեն տվել մոտենալ, խնամել երեխաներին` պատճառաբանելով, թե առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Շարունակ զգուշացրել են՝ հնարավոր է՝ զույգ պտուղներից մեկը չապրի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երիտասարդ մայրը պնդում է՝ անչափ սպասված երեխայից հրաժարվելու համաձայնությունն իրենից կորզել են

«Իրենք հենց մտածված էդ ամեն ինչը կազմակերպում էին, որ ես մոտիկից շփումը չունենամ երեխու հետ: Ես եթե ուզում էի թեկուզ երեխուն նկարել, անգամ էդ նկարելու պրոցեսն ինձ չէին թողնում, բայց տեսնում էի, որ ուրիշները իրենց երեխեքին կարում են մտնեն, նկարեն, կերակրեն, բայց ինձ էդ ամեն ինչն իրենք կատեգորիկ արգելում էին, որ չի կարելի», - պատմում է նա:

Դեռ երկու տարի առաջ Հերմինեն քննիչներից էր տեղեկացել, որ ծննդատանը մնացած իր աղջիկներից մեկը իրականում մինչև հիմա ողջ է, նրան որդեգրել ու տարել են արտերկիր։ Իրավապահները կասկածներ ունեին, որ որդեգրումը կատարվել է ապօրինի․ գործ էին հարուցել։ Քննիչներից մանրամասներ իմացած ընտանիքն «Ազատությանն» ասել էր, թե երկար սպասված երեխայից հրաժարվելու համաձայնությունը հիվանդանոցում կորզել են իրենցից, համոզելով, թե միևնույնն է՝ երեխան չի ապրի։

«Որ տանենք, հիվանդ պիտի լինի, չի լսելու, չի խոսալու, ոչ մի բան, թթվածինը հանեն, կմահանա, հազար ձև մեզ մոլորացրին, մոլորվեցինք, չգիտեինք, թե ինչ անեինք», - նշում է սկեսուրը:

«Իրենք ինձ նենց ներկայացրին, որ իմ երեխան լրիվ բույս է, բույսի պես է աճելու, ապրելու, ոչ կզգա, ոչ կլսի, ոչ կտենա, ոչ մի բան, տուն տանելու երեխա չի», - ասում է մայրը:

Սա դուր չէր եկել ծննդատան աշխատակիցներին ու տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։ Դատի էին տվել Հերմինեին ու իր սկեսրոջը՝ զրպարտելու և իրենց բարի համբավն արատավորելու համար։ Դատը չեն շահել, դատարանը համարել է, որ իր զույգերից մեկին հիվանդանոցում թողած կնոջ խոսքերի մեջ զրպարտություն չկա։ Փոխարենը Հերմինեն դատաքննության ընթացքում նոր փաստաթղթեր ու նախկինում իրեն անհայտ տեղեկություններ է ստացել, առաջին անգամ ծանոթացել իր կորցրած երեխայի հիվանդություններին։

Ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, որ այլ երեխաներ ապօրինի որդեգրման տալու համար դատարանի առաջ է կանգնած, բժշկական եզրակացություն է տվել, թե երեխան գլխուղեղի լուրջ հիվանդություններ ուներ։

«Իրենք նկարագրում էին, որ լրիվ գլուխն անցքեր են, սև կետիկներ, որ դա մեծացել է շատ, էդ երեխու գլուխը լրիվ հեղուկ ա իբր, էդ երեխան նորմալ մարդ չի, բայց փաստացի էդ երեխան արդեն որգեգրված ա», - շեշտում է մայրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապօրինի որդեգրումների գործը՝ 73 հատոր նախաքննական նյութերով գնում է դատարան

Ըստ փաստաթղթերի` Հերմինեն ու իր ամուսինն ստորագրել են հիվանդանոցի կողմից նախապես պատրաստված դիմումի ձևաթուղթ, որով հրաժարվել են զույգերից մեկի նկատմամբ ծնողական իրավունքներից և տվել են որդեգրման համաձայնություն։ Ձևաթուղթը վերնագրված է՝ «դիմում որդեգրման համաձայնության մասին» և կազմված է այնպես, որ ծնողը գրի միայն իր անձնական տվյալները։ Այն, որ հրաժարվում են ծնողական իրավունքից, երեխային հանձնում են պետության հոգածությանն ու դեմ չեն այլ անձանց կողմից որդեգրմանը, ձևաթղթում նախապես տպված են։

Հերմինեն այսօր էլ պնդում է, թե տեղյակ չեն եղել՝ ինչի տակ են ստորագրում։ Ասում է՝ բժիշկներն ամեն ինչ արել են իրականությունն իրենից թաքցնելու և մոլորեցնելու համար. «Էդ խնդիրը էդ երեխան ունի, հիվանդ ա եղել, էդ թուղթն եմ ես մենակ ստորագրել, ուրիշ ոչ մի թուղթ չեմ ստորագրել»:

Դատական գործով ծնողների ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից երևում է՝ ծննդատանը մնացած երեխան, որ մինչև այսօր էլ հաշվառված է իր կենսաբանական ծնողների նույն հասցեում, Երևանի քաղաքապետարանի ցուցակներում եղել է որպես ծնողական խնամքից դուրս մնացած երեխա, տեղափոխվել Երևանի մանկան տուն, որտեղից ըստ փաստաթղթերի, մեկ տարի անց որդեգրվել ու օտարերկրացու ազգանուն է ստացել։ 3 տարեկանում կազմված հետորդեգրական հաշվետվությունում երևում է, թե երկկողմանի խլություն ունի, բայց հատուկ սարքերի օգնությամբ լսում է, մանկապարտեզ հաճախում։

Որդեգրած ծնողները երեխային բնութագրել են որպես երջանիկ, հանգիստ, ինքնուրույն և ինքնավստահ։ Միևնույնն է՝ նրա կենսաբանական մորը՝ Հերմինեին հանգիստ չի տալիս միտքը, թե ինչպես են իրեն համոզել հրաժարվել իր 7 տարի սպասված երեխայից։ Պնդում է, թե բժիշկները շահագրգռված են եղել իրենից պոկելու իր երեխային, թե տվել են երեխայից հրաժարվելու նախապես մշակված ձևաթուղթ և հոգեբանական խնդիրներ ունեցող մորը հարկադրել ստորագրել այն։

Դեռ 2019-ին ԱԱԾ-ն մի քանի հանցավոր սխեմաներ էր նկարագրել՝ ինչպես են մայրերին ծննդատներում ստիպել հրաժարվել երեխաներից, առողջական կեղծ փաստաթղթերով արտերկիր են որդեգրվել նաև առողջ փոքրիկներ։ Այդ նպատակով, ըստ քննիչների, Հայաստանում հանցավոր խումբ է գործել, և 100-ից ավելի երեխաների որդեգրման դիմաց արտերկրից մոտ 2 միլիոն եվրո փոխանցվել է Հայաստան։ Քրեական գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի աթոռին է 11 հոգի , այդ թվում` Սոցապի, Արդարադատության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Հանրապետական ծննդատան տնօրենն ու փոխտնօրենը՝ մի քանի բժիշկների հետ, «Մանկան տան» նախկին տնօրենը։ Նրանցից որևէ մեկը կալանավորված չէ, զբաղեցնում են իրենց պաշտոնները։ Դատական նիստերն էլ դռնփակ են ընթանում։

Լոռեցի Հերմինե Մարգարյանի երեխայի մասով քննիչները դեռ չեն ավարտել վարույթն ու գործը դատարան չեն ուղարկել։