Արցախի Ազգային ժողովի 24 պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ պահանջելով 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Պատգամավորները միջնորդությամբ նաև պատրաստակամություն են հայտնել հանդես գալու որպես Արզումանյանի պատշաճ վարքագծի երաշխավորներ, մասնավորապես, որ ազատության մեջ լինելով Արզումանյանը չի խոչընդոտի գործի քննությանը։
Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության, պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու, ինչպես նաև իշխանությունը չարաշահելու համար։ Սեպտեմբերի 1-ին նա կալանավորվել է։
49-ամյա Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը գրեթե մեկ տարի անց ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար