Ալավերդու առաջիկա ՏԻՄ ընտրություններին 4 կուսակցություն է մասնակցում

Ալավերդի քաղաքի համայնապատկեր, արխիվ

Սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններով Լոռու նախկինում արդեն խոշորացած չորս համայնքներ կմիավորվեն՝ Ալավերդի կենտրոնով։ 42 հազար բնակիչ կունենա մեծացող համայնքը, որ Հայաստանում ամենախոշորներից կլինի։

Թե որքան արդյունավետ կդառնա կառավարումը խորհրդային տարիների շրջանին նմանեցվող համայնքում, արդեն չեն քննարկում։

Հինգ տարի առաջ Օձունին միացած Արևածագի բնակիչները նոր ընտրություններով ալավերդցի կդառնան։

«Որ հարցնեք, երևի մի 70 տոկոսը դեմ ա խոշորացմանը, չէ՞: Բայց քանի որ Օձունի հետ խոշորացված ենք եղել, մի կերպ արդեն մենք համակերպվել ենք: Փորձաշրջանն անցել ենք՝ սենց ասեմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արևածագի բնակիչներից մեկը:

22 օրից կայանալիք ընտրություններին մասնակցում է չորս կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը, Հայ ազգային կոնգրեսն ու ՀՅ Դաշնակցությունը։ Միավորվող չորս համայնքների գործող ղեկավարները նախկինում Հանրապետական կուսակցության միջոցով են իշխանության եկել։ Բայց առաջիկա ընտրություններին նրանցից միայն Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն է մասնակցում, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն է գլխավորում։ Մյուս համայնքապետերը չեն առաջադրվել։

Ավելի վաղ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն «Ազատությանն» ասել էր, որ դուրս է եկել քաղաքականությունից։ «Չէ, էս պահին ես չեմ առաջադրվում որևէ կուսակցությունով, որևէ պաշտոնի ակնկալիք չունեմ: Ես համարում եմ, որ ավարտում եմ իմ աշխատանքները, չորս անգամ ընտրվել եմ: Քաղաքական դաշտ չեմ ուզում, որովհետև չեմ ուզում քաղաքականության հետ առնչվեմ», - նշել էր Տիտանյանը:

Ալավերդիում Հանրապետականը մշտապես մեծ ազդեցություն է ունեցել, որը ներկայացրել են ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով ավելի վաղ նաև Ալավերդու քաղաքապետ է եղել։ Ներկայիս գործող համայնքապետն էլ նրանց թիմակիցն է։ Մինչդեռ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում առաջիկա ընտրություններին։ Այդ մասին գոնե հրապարակային հայտարարություններ չեն արել:

Թե՛ նախկին մարզպետը և թե՛ գործող համայնքապետը հրաժարվեցին մեկնաբանել՝ ինչու չեն մասնակցում ընտրություններին։ Ասացին՝ պարզապես այդպես են որոշել։

Միավորվող չորս համայնքներում անցած հինգ տարիներին երկու խոշոր աշխատատեղ է փակվել՝ չեն գործում թե՛ Ալավերդու գործարանը և թե՛ Թեղուտի հանքավայրը։ Ավելի քան հազար գործազուրկ դարձած ընտրողներից շատերն այսօր արտերկիր են մեկնել, մյուսներն անգործ են կամ Թեղուտի հանքից մասնակի վճարում են ստանում։

Արդեն քարոզարշավը մեկնարկել է։ 22 օրից քվեարկության մասնակցող ալավերդցիները կամ հրաժարվում էին պատասխանել «Ազատության» հարցերին, կամ էլ թվարկում էին բոլոր այն խնդիրները, որոնք իրենց հուսահատության են հասցրել։

Ալավերդցի Աղունիկ Գիշյանն ասում է՝ տարիներ շարունակ խոստումներ են տվել, թե իրենց Էնգելս թաղամասը կարգի են բերելու, ճանապարհները նորոգելու են, բայց աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքում խնդիրները չեն պակասել. - «Ասին՝ լույսերը քաշում են, լույսերը քաշեցին, բերեցին հասցրին ընդեղ, որտեղ մի սյուն ա մնում, որ պիտի էդ սյունն էլ քաշեն, էդ սյունը շրջանցեցին, չքաշեցին: Ես գնացի քաղաքապետի մոտ՝ անձամբ ես, «ինչի՞ էդ մի սյունը», ինձ ինչ պատասխանեց՝ ասավ՝ «չի ըլի՞ էդ մեկն էլ ձեր տանից քաշենք»: Ասեցի՝ «կլինի, եթե կոմունալները իմ ամեն ամիս դուք տաք»:

Ալավերդցի Գարուն Միքայելյանը համայնքապետարանի ենթակայության հիմնարկում է աշխատում՝ բնակշահագործման տեղամասում։ Ասում է՝ իր աշխատավայրն ընտրական տեղամաս է։ 20 տարի իր աչքի առաջ են տեղի ունեցել ընտրությունները, բայց նման նախընտրական պասիվություն երբեք չի տեսել։ Շատերն անգամ թեկնածուներին չեն ճանաչում, ասում է։ «Հիմա ցուցակները մեր մոտ փակցված ա, բայց հետաքրքրություն չեմ տեսնում: Զարմանում եմ, տենց չի էղել ոչ մի անգամ: Միշտ գալիս էին, հետաքրքրվում էին՝ արդյոք իրանք ցուցակում ներգրավված են, անճշտություններ, և այլն», - նշեց տիկին Գարունը:

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Հայաստանի 17 համայնքներում։