Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքն ահազանգում է՝ մարզպետը Օձունի համայնքապետից հրաժարական է պահանջել, ապա ծեծի են ենթարկել


«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյան, արխիվ
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:

Թաթոյանը նշում է, որ ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Գևորգյանն անօրինական է որակել Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն՝ Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապելով խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:

Պաշտպանի աշխատակազմը կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում:

Թաթոյանը տեղեկացնում է, որ նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` պաշտպանի աշխատակազմից այսօր առավոտյան գրություն կուղարկվի Գլխավոր դատախազություն:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։

Գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։ Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար, գրել է Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG