Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը պնդում է՝ ընտրություններում պարտություն կրած ուժերին սատարած համայնքապետերը պետք է հրաժարական տան


Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանն ասում է՝ պետք է հրաժարական տան մարզի այն համայնքապետերը, որոնց սատարած քաղաքական ուժերը Ազգային ժողովի ընտրություններում պարտություն են կրել։

Ըստ մարզի ղեկավարի՝ այդ համայնքապետերն իրենց համայնքներում վստահություն չունեն և ընտրություններին մասնակցած կուսակցությունների պարտությունը նաև իրենց պարտությունն է։

«Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ պիտի էդ մարդիկ հրաժարական տան և նորից մասնակցեն ընտրությունների, որպեսզի հասկանան՝ արդյոք ժողովուրդն իրենց վստահում է, թե՞՝ չի վստահում։ Միակ ճանապարհը քաղաքակիրթ սա է, բայց պիտի քաղաքական կամք դրսևորեն։ Ես համոզված եմ, որ շատերը վստահ չեն, որ իրենք կվերընտրվեն», - ասաց Խաչատրյանը։

Մարզի մի քանի համայնքապետեր 10 օր առաջ տեղի ունեցած ընտրություններին սատարել են ընդդիմադիր քաղաքական ուժերին, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքներին, մասնակցել նրանց հրավիրած հանրահավաքներին ու շտաբային աշխատանքներին։

Գյուլագարակ խոշորացված համայնքի հանրապետական ղեկավար Մհեր Գևորգյանը նախընտրական շրջանում չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը. «Հայաստան» դաշինքի կողմնակիցն էր։ Մինչդեռ 6 հազար 700 ընտրող ունեցող համայնքում իր սատարած ուժի օգտին քվեարկել է ընդամենը 710 մարդ՝ 3 անգամ պակաս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տվածների թվից։ Բայց 19 տարվա գյուղապետն ասում է՝ դա իր համար բոլորովին էլ հրաժարական տալու առիթ չէ։

«Ինչի՞ պիտի հրաժարական տամ է, ինձ ժողովուրդն ա ընտրել, երբ ընդհանուր ժողովուրդը կասի՝ «Մհեր ջան, հրաժարվի», կհրաժարվեմ, եթե չէ, հրաժարվելու ընդհանրապես միտք չունեմ, դաժե պիտի մյուս ընտրություններին թեկնածությունս դնեմ», - ասաց Մհեր Գևորգյանը։

Մինչդեռ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պնդում է՝ շուտով լոռեցիները, յուրաքանչյուրն իր համայնքում, կզգան իշխանության կողմից խոստացված պողպատյա մանդատի ուժը։ Նա, առանց համայնքներ, անուններ ու պաշտոններ մատնանշելու, ասում է, թե կան մարդիկ, որոնք նախընտրական շրջանում բռնացել են քաղաքացիների ազատ կամքի վրա, արգելել մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, ճնշումներ գործադրել ու սպառնացել ընտրողներին: Խաչատրյանը պնդում է՝ դա անպատիժ չի մնալու։

«Վստահեցնում եմ Ձեզ, մոտ ապագայում դա գործնականում տեղի կունենա։ Ասում էինք, որ «տվեք մեզ պողպատյա մանդատ» և այդ պողպատյա մանդատի ուժը ժողովուրդը պետք է զգա իր մաշկի վրա։ Դա սպառնալիք չէ, յուրաքանչյուր մարդ պետք է իր արածի համար պատասխան տա», - ասաց մարզպետը։

Անցած շաբաթ «Հայաստան» դաշինքի աջակից՝ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն էր Ոստիկանություն հաղորդում ներկայացրել, թե մարզպետ Խաչատրյանն իրեն կանչել, հրաժարականի դիմում է պահանջել ու մարզպետի պահանջը չկատարելուց և նրա աշխատասենյակից դուրս գալուց հետո մարզպետարանի միջանցքում աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Հատուկ քննչական ծառայությունն Օձունի համայնքապետին տուժող է ճանաչել, բայց մեղադրյալ դեռ չկա։

Լոռու մարզպետն այսօր էլ պնդում է, թե հակառակորդ քաղաքական ուժի աջակից համայնքապետը քաղաքական նպատակներով իրեն վարկաբեկելու փորձեր է անում․ - «Ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունեցել և առաջիկայում բոլորդ էլ դրանում կհամոզվեք»։

Լոռու Գյուլագարակ և Օձուն համայնքներում համայնքապետի ընտրություններ տեղի կունենան հաջորդ տարի աշնանը։ Արդեն 4 անգամ վերընտրված Օձունի համայնքապետը ևս ասում է՝ ոչ մի դեպքում ժամկետից շուտ հրաժարական չի տա, միևնույն ժամանակ մարզի ղեկավարին մեղադրում, թե վարչապետի ընտրությունների հաջորդ օրը հնչեցրած համախմբվելու կոչին չի հետևում։

«Վարչապետի վերջին ելույթը լսեցի մինչև վերջ ու ես մտածեցի, որ էդ համախմբման կոչն իրականում կա, բայց երևի որոշ մարդիկ չեն հասկանում, որ վարչապետը բոլորի վարչապետն ա էլի, մի մասի վարչապետը չի», - ասաց Տիտանյանը։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում 37-րդ համարն է, ասում է՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել։

XS
SM
MD
LG