Մատչելիության հղումներ

Օձունի համայնքապետը պնդում է՝ մարզպետի աշխատասենյակից դուրս գալուց հետո մի խումբ անձինք հարվածներ են հասցրել իրեն, Խաչատրյանը հերքում է


Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում ծեծելու դեպքի առթիվ դատախազությունում քրեական գործ է հարուցվել բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։ Գործը կքննի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

Արսեն Տիտանյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ մարզպետի աշխատասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մի խումբ անձինք հարվածներ են հասցրել իրեն։ Այսօր համայնքապետը Օձունում չէր, նրա ազգակից, օձունում «Հայաստան» դաշինքի համակիր Սեյրան Տիտանյանն ասաց՝ առավոտյան համայնքապետին վնասվածքներով է տեսել և կարծում է, թե մարզպետարանում տեղի ունեցածն իրենց քաղաքական հայացքների համար հաշվեհարդար է. Մարզի ղեկավարը համայնքապետից հրաժարականի դիմում է պահանջել։

«Ընդամենն այսօրվա իշխանությունն ուզում է ցույց տալ, որ մենք արդեն մուրճի քաղաքականություն ենք աշխատացնում, դա շատ վատ ա իրանց համար։ Ի՞նչ ա նշանակում՝ համայնքապետին ասել ա՝ հրաժարական տուր, էն մարդն էլ ասել ա՝ դու ով ես, որ ինձ ասես հրաժարական տուր, ես ընտրովի մարդ եմ, ես ոնց հրաժարական տամ, ես կարամ քեզ ասեմ՝ հրաժարական տուր», - ասաց Սեյրան Տիտանյանը։

Այսօր առավոտյան գյուղի կենտրոնական փողոցում համայնքապետի քրոջը պատկանող խանութի դուռը ջարդած ու խանութը թալանված են հայտնաբերել։ Սեյրան Տիտանյանն ասաց՝ իրենց հաշվարկներով կես միլիոն դրամի սիգարետ են տարել։ Կեսօրին Ալավերդուց քննիչներ են եկել, արձանագրություն կազմել։ խանութը հսկող տեսախցիկների կադրերում թալանողներն անճանաչելի են։ Իրավապահները կփորձեն պարզել՝ արդյոք մարզպետարանի ծեծն ու խանութի թալանն իրար հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։

Ծեծի մասին պնդումները կան, մարզպետարանի տեսախցիկներն առգրավված են, քրեական գործը հարուցված է, մինչդեռ մարզպետ Խաչատրյանը լիովին հերքում է, թե մարզպետարանում Տիտանյանի նկատմամբ բռնություն է եղել։ Ասում է՝ համայնքապետին իր մոտ գործով էր կանչել՝ ընթացիկ հարցեր ունեին քննարկելու, որևէ քաղաքական թեմա չի արծարծել, հրաժարականի պահանջ չի դրել, ծեծկռտուք չի եղել։ Փորձում են վարկաբեկել իրեն ու իր թիմին, ասում է մարզպետը։

«Ինձ մոտ ա եղել, չեմ հերքում, որ ինքը ինձ մոտ ա եղել, մենք առանձնազրույց ենք ունեցել, ընթացիկ տարբեր հարցերի հետ կապված», - ասաց Խաչատրյանը։

«Ազատության» հարցին՝ ընտրություններին կամ համայնքապետի հետագա պաշտոնավարմանն առնչվե՞լ է զրույցը, մարզպետը պատասխանեց. «Ոչ»։Ճշտող հարցին՝ անգամ վիճաբանությո՞ւն չեն ունեցել, մարզպետ Խաչատրյանն արձագանքեց. «Կարող ա մի քիչ բարձր տոնով խոսացած լինեմ, բայց ինչ-որ առիթ չի, որ գնաս ոստիկանություն բողոքելու»։

Իսկ թե նա Քրեական գործը որակո՞ւմ է կեղծ, մարզպետը պատասխանեց. «Հիմա թույլ տվեք ես որակումներ չտամ»։

Օրվա վերջում հաջողվեց կապ հաստատել համայնքապետ Արսեն Տիտանյանի հետ։ Ասաց՝ մարզպետի ու իր վրա հարձակված մոտ 10 անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում անդրդվելի է, պահանջը վերջնական։ Մարզպետը կանչել է, հրաժարական պահանջել, վիճել իր հետ, իսկ միջանցքում արդեն հարվածներ են հասցրել իրեն։ Ենթադրում է, որ մարզպետարանի աշխատակիցներ են եղել։

«Դեմքի, գլխի վնասվածքներ են, գլխացավ ունեմ այս պահին ուժեղ, լնդիցս արյուն եկավ», - ներկայացրեց համայնքապետը։

Օձունում Նիկոլ Փաշինյանը 2230 ձայն է ստացել, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը՝ 6 անգամ պակաս՝ ընդամենը 376 քվե։ Մյուս կուսակցությունների ստացած ձայներն ավելի քիչ են։ Համայնքապետ Արսեն Տիտանյանը մեզ հետ հեռախոսազրույցում չժխտեց՝ «Հայաստան» դաշինքի համակիր է, բայց պնդում է, թե քարոզարշավի ողջ ընթացքում Օձունում ու խոշորացած համայնքի մյուս բնակավայրերում որևէ քարոզ չի արել. «Եթե իմ կարծիքը մի քանի հոգու մոտ արել եմ, նշանակում է՝ ես քարոզարշա՞վ եմ արել»։

Օձունում քարոզարշավի ընթացքում վարչապետի թեկնածուներից միայն Նիկոլ Փաշինյանն է եղել։ Օձունցիներն ասում են՝ գիտեն, որ հանրապետական համայնքապետը Հայաստան դաշինքին է սատարել, բայց նրանից որևէ ճնշում չեն նկատել։

Օձուն խոշորացված համայնքում ղեկավարի ընտրություններ տեղի կունենան հաջորդ տարի։ Արդեն 4 անգամ իր պաշտոնում վերընտրված Արսեն Տիտանյանն ասում է՝ իր սատարած քաղաքական ուժի պարտությունն Օձունում որևէ նշանակություն չի կարող ունենալ իր վարկանիշի համար։ Նախատեսում է պաշտոնավարել մինչև լիազորությունների ավարտը։

«Ես որևէ թեմա չեմ տեսնում դրա մեջ, ընդամենը պետք է բոլորս էլ հասկանանք, որ եղել են ընտրություններ, ընտրությունները վերջացել են, անցնում ենք մեր բնականոն աշխատանքին», - ասաց Տիտանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG