Կենցաղային գազի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային Արմեն Միրոյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, «Ազատությանը» հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Առողջական վիճակը գնահատվում է ծանր, բուժումն ստանում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում», - ասաց Թորոսյանը:
Արմեն Միրոյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում է։ Մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ, ասաց, ձեռքերը, ոտքերը, դեմքը վնասվել են։ Հրաժարվեց դեպքից մանրամասներ պատմել։
Պայթյունը երեկ է տեղի ունեցել Արարատի զորամասերից մեկում: Ըստ նախարարության, սերժանտ Միրոյանը մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով է ստացել այրվածքներ: Այլ մանրամասներ Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում։
«Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննության», - հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ տասնյակ տարիներ զբաղվում է բանակի խնդիրներով, պնդում է՝ այս պայթյունն էլ ոչ պատշաճ վերահսկողության հետևանք է։
«Զինվորական ծառայության կազմակերպման համար օգտագործվում է կենցաղային գազ, ու այդ գազի բալոնն, իհարկե, պետք է ստուգման ենթարկվի՝ ինչքանով է համապատասխանում շահագործման նվազագույն պայմաններին», - ընդգծեց Սաքունցը:
Զինվորական ծառայության դեպքում ամեն ինչ պետք է պատշաճ զննեն, ստուգեն, նշանակություն չունի կենցաղային գազի բալոնի հետ գործ ունեն, թե զենք-զինամթերքի, ասում է Սաքունցն ու շեշտում՝ պատահական չէ, որ այս տարի խաղաղ պայմաններում ավելի շատ զինվոր է մահացել կամ՝ տուժել, քան հակառակորդի կրակոցից։
«Պետության պարտավորությունն է, որպեսզի մարդու, տվյալ դեպքում զինծառայողի ծառայության անվտանգությունը երաշխավորված լինի, չի կարելի մատների արանքով դիտարկել այն ինստիտուտների բնականոն գործունեության ապահովման պետության պարտավորություններին, այդ ինստիտուտներում մարդիկ գտնվում են պետության ուղղակի հսկողության ներքո, ուղղակի ենթակայության ներքո», - ասաց իրավապաշտպանը:
Բանակային դեպքերի բացահայտման, պատճառների հայտնաբերման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով շատ բան չի փոխվել, պնդում է իրավապաշտպանը։ Նրա գլխավորած կազմակերպության վիճակագրության համաձայն՝ բանակում, օրինակ, հակառակորդի կրակոցից զոհվածների թիվը մի քանի անգամ պակաս է ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից։ Օրինակ, այս տարի բանակում 38 զինվոր է մահացել, որից 11 է միայն հակառակորդի կրակոցից։