Մատչելիության հղումներ

Երեք զինծառայողի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. կողմերը դժգոհ են քննության ընթացքից


Երեք զինծառայողի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, գործը շուտով կհասնի դատարան, մինչդեռ կողմերը դժգոհ են քննության ընթացքից ու արժանահավատ չեն համարում երեկ Քննչական կոմիտեի հրապարակած մեղադրական եզրակացությունը։

Ըստ իրավապահների, 1 տարի առաջ Գորիսի զորամասերից մեկում դիրքի ավագը սեռական բնույթի գործողություններ է կատարել զինվորներից մեկի նկատմամբ, հետո հարկադրել նրան սպանել 3 ծառայակիցներին, ովքեր տեղեկացել էին դրա մասին։ Գործով մեղադրյալները երկուսն են՝ ժամկետային զինծառայողը, որ ըստ քննիչների, սպանել է երեք ծառայակիցներին, և դիրքի ավագը, որն ըստ մեղադրանք, նրան դրդել է սպանության։

Մինչդեռ երկուսի փաստաբաններն էլ ասում են՝ բացի ժամկետային զինծառայողի ինքնախոստովանական ցուցմունքից Քննչականը որևէ այլ ապացույց չունի, որ հենց նա է սպանել քնած երեք ծառայակիցներին։

«Հաղորդագրություն է գնացել, որ դիվերսիոն գործողություններ են եղել և չանցած երկու ժամ կամ մի քիչ ավելի ժամանակ, անձին ձերբակալում են ու մեղադրանք առաջադրում: Ամբողջ քրեական գործում բացի մեղադրյալի ցուցմունքից, որը երկու ամիսը մեկ ցուցմունք է տվել, ասել է՝ «ես եմ կատարել», որևէ այլ ապացույց չկա, որ ինքն է կատարել, բացարձակ որևէ ապացույց», -նշեց փաստաբան Գարիկ Գալիկյանը:

10 ամսվա ինքնախոստովանական ցուցմունքներ տալուց հետո մեղադրյալը փոխել է այն ու պնդել, թե ինքը չի սպանել ծառայակիցներին, նշել, թե նախկինում ճնշումների տակ է սուտ ցուցմունք տվել, ասում է նրա պաշտպան Գարիկ Գալիկյանը։

«Ասում է՝ «ինձ հորդորել են, որ նմանատիպ ցուցմունքներ տամ, ինձ ասել են, որ «եթե մեղքը քո վերա վերցնես քեզ համար ավելի լավ կլինի»», էն հանգամանքները, որ ինքը մատնանշում է, դա նախաքննության մարմինը պետք է պարզեր իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում», - ընդգծեց Գալիկյանը:

Նախաքննության ընթացքում դիրքի ավագի կողմից իր ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին որևէ ապացույց չի հայտնաբերվել՝ փորձաքննությունները չեն հաստատել դա, ասում է նրա փաստաբան Հրանտ Դավթյանը։

«Էդ ցուցմունքների հաջորդ օրը Քննչական կոմիտեն, ըստ էության, հրապարակեց ու հանրությանը հրամցրեց, որ իրականում հենց սենց է տեղի ունեցել դեպքը, արդեն հանրությունը կարծիք կազմեց, որ դիրքի ավագը էս ինչ վատ տղա է, սենց գործողություններ է արել և այլն: Էդ դիրքում իրականում ուրիշ բան է տեղի ունեցել ու վարույթ իրականացնող մարմինն, իմ խորին համոզմամբ, օբյեկտիվ քննություն չի արել», - ասաց Դավթյանը:

Փաստաբանը նշում է՝ ավելին՝ նախաքննական մարմինն իր պաշտպանյալի վրայից հանել է այդ մեղադրանքը։ Բայց եզրակացության մեջ քննիչները շարունակում են պնդել՝ դիրքի ավագն է դրդել իր ենթակային սպանել երեք ծառայակիցներին։ Պաշտպանն ասում է՝ անհասկանալի է, եթե քննիչները հերքված են համարում, որ ավագը սեռական ոտնձգություն է կատարել ժամկետային զինծառայողի նկատմամբ, ինչո՞ւ պետք է վերջինիս դրդեր սպանության։ Հրանտ Դավթյանն ասում է՝ դիմել են դատախազություն, բայց իրենց բողոքներն անհիմն են համարել։

«Այստեղ բանսարկություն է տեղի ունեցել՝ սկզբից մինչև վերջ: Այսինքն՝ սարքել են էլի, գործը կարել են», - ասաց պաշտպանը:

Այս գործի նախաքննությունից դժգոհ է նաև սպանվածներից Մուրադ Մուրադյանի ընտանիքը։ Նրանց ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն ասում է՝ նախաքննական մարմինը չի դիտարկել սպանության բոլոր վարկածները, բազմակողմանի քննություն չի իրականացվել։ Փորձաքննությամբ պարզվել է, որ սպանվածների վրա եղել են նաև ոչ հրազենային վնասվածքներ։ Փաստ է, որ պայքար է եղել։ Մինչդեռ իրավապահները պնդում են, թե զինծառայողները սպանվել են քնած ժամանակ։ Ինչպե՞ս կարող էր մեկ զինծառայողն անել դա, մանավանդ, որ դիրքում եղած բոլոր զենքերից կրակված է եղել, հարց է բարձրացնում փաստաբան Հայարփի Սարգսյանը։

«Ստացվում է, որ ամեն դեպքում մեկ զինծառայող չէր կարող այս երեք զինծառայողներին նմանատիպ վնասվածքներ հասցնել: Այսինքն՝ քնած էին տղաները, մտավ, կրակեց, սպանեց, դուրս եկավ, բա մյուս հետքերը, մյուս վնասվածքները: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ չեմ բացառում, որ դեպքի վայրը այդ տնակը չէ, որովհետև այնտեղ արյան լճակներ չկային», - նշեց Սարգսյանը:

Բանակում տեղի ունեցած այս սարսափելի պատմությանն ի սկզբանե հետևել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Ասում է՝ սա իրեն հայտնի ամենախայտառակ նախաքննություններից մեկն է, որ վարել են իրավապահ մարմինները։

«Քննչական կոմիտեի քննած գործերից ամենախայտառակ քննություններից մեկն է, մոգոնված անհաջող թրիլլեր, ես այսպես կասեմ: Ուղղակի անմեղ մարդ կարող է զոհ դառնալ այս քննությանը: Շատ եմ ցավում, որ այս տղան, որը խեղճ է եղել բնականում, և այդ կիասգողական բարքերը կիսում է նաև Քննչական կոմիտեն, որ խեղճուկրակներին բերեն ու նշանակեն մեղադրյալներ», - ընդգծեց իրավապաշտպանը:

Այսօր պարզվեց, որ Քննչական կոմիտեն իր կայքերից հեռացրել է այս գործի վերաբերյալ երեկ հրապարակած հաղորդագրությունը։ Արդյո՞ք սխալներ են հայտնաբերվել, թե՞ կա նյութը հեռացնելու այլ պատճառ, Քննչականից չեն մեկնաբանում։

XS
SM
MD
LG