«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից 9 օր անց` այսօր միակողմանի բացվեց դրա հանդիպակաց Քրիստափորի փողոցն ու «Փեթակ» առևտրի կենտրոնը, որը փակվել էր աղետից անմիջապես հետո։
Առևտուրը վերսկսելու որոշումը կայացվեց աշխատողների՝ երեկվա ցույցից հետո, թե գումար են կորցնում։ Այսօր ԱԻՆ-ը հայտարարեց, թե ոստիկանության հետ որոշել են բացել ճանապարհը՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Իսկ որքանո՞վ են պահպանվում անվտանգության կանոնները առևտրի կենտրոնի ներսում, փորձեցինք զրուցել ղեկավարների հետ, անվտանգության աշխատակիցն ասաց՝ տնօրենը տեղում չէ։ Պատահաբար նկատեցինք «Փեթակի» փոխտնօրենին, հարցերի պատասխանելու ժամանակ չուներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիա «Փեթակի» մոտ․ աշխատողները պահանջում են թույլատրել առևտուրըԻնչպես «Սուրմալու»-ում, այնպես էլ «Փեթակ»-ում հաճախորդների հոսքը մշտապես մեծ է, հատկապես հանգստյան օրերին այստեղ տեղ ու դադար չի լինում։ Արդյո՞ք Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկում 387 հորիզոնականը զբաղեցնող առևտրի կենտրոնում անվտանգ է։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն, ըստ պաշտոնական կայքի, առնվազն երեք տարի այստեղ հակահրդեհային ու անվտանգության կանոնների ստուգումներ չի իրականացրել։ 2019 թվականից հետո տեսուչներ առևտրի կենտրոնում չեն եղել, նույնիսկ այս տարվա ծրագրերում ստուգայց նախատեսված չէ։
Օրեր առաջ դիմացի մայթին տեղի ունեցած աղետը չի՞ փոխել պլանները՝ տեսչական մարմնից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, խոսնակն անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։
Մինչ այդ, ողբերգական պատահարի վայրում փրկարարները շարունակում են աշխատել՝ անհետ կորած վերջին քաղաքացուն գտնելու համար։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը երեկ «Ազատության» եթերում հայտարարեց՝ աշխատանքները կդադարեցվեն այն պահին, երբ կա՛մ կհայտնաբերվի որոնվող անձը, կա՛մ որոշում կկայացվի, որ այլևս անիմաստ են այդ աշխատանքները:
«Մենք ներկա պահին ունենք դեռ 40-50 քառակուսի մետր մակերեսով հատված, որտեղ ենթադրում ենք, որ նաև այդտեղ կարող է հայտնաբերվել, և այդ աշխատանքները իրականացնում ենք: Վաղն ամբողջությամբ այդ հատվածում նույնպես կիրականացնենք զննում, մաքրման աշխատանքներ են գնում, եթե չհայտնաբերվեց, այդ պարագայում մենք պետք է, այո, արդեն կայացնենք որոշում», - ասաց նախարարը:
Ողբերգական պայթյունից մոտ 10 օր անց, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ 5 տարեկան երեխա և հղի կին, իրավապահները դեռ որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել, ո՛չ կասկածյալ կա, ո՛չ՝ ձերբակալված։ Մինչ այս պահը չի հարցաքննվել նաև առևտրի կենտրոնի սեփականատերը, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։
Your browser doesn’t support HTML5