Առավոտյան որոնողա-փրկարարական աշխատանքները վերսկսվել են, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
Երկու օր է մութն ընկնելուն պես աշխատանքները դադարեցվում են։ Փոխնախարարն ասում է՝ կա շենքի փլուզման մեծ վտանգ, փրկարարների համար բարդ է մութ պայմաններում աշխատելը։
«Ունենք դեռևս մեկ անհետ կորած քաղաքացի և, ինչպես նշել ենք, քաղաքացուն փնտրում ենք կա՛մ եռահարկ այրված շինության առաջին հարկի ձախակողմյան հատվածում, կա՛մ շենքի անմիջական հարևանությամբ, որտեղ կուտակված մեծաքանակ փլատակներ կան, փլատակների մաքրման աշխատանքներ ենք հիմա իրականացնում զուգահեռ որոնողական աշխատանքներ, հուսով եմ, որ քաղաքացուն կհայտնաբերենք», - ասաց Գրիգորյանը։
Քաղաքացուն գտնելը բարդ է լինելու, նշեց փոխնախարարը՝ մանրամասնելով՝ եթե քաղաքացին գտնվել է ոչ թե դրսում, այլ տարածքում, այնտեղ հարվածային ալիքը շատ ուժեղ է եղել, ջերմաստիճանն էլ՝ բարձ, հետևաբար, ըստ Գրիգորյանի, բարդ է լինելու քաղաքացուն հայտնաբերելը։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա16 զոհ, երկու անհետ կորած։ 16 զոհերից մեկի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ենթադրվում է, որ նա հենց անհետ կորածներից մեկն է։
«Նմուշառումն արվել է երեկ չէ առաջին օրը, 5 օրվա ընթացքում պետք է նույնականացվի, երեկ մինչև ուշ երեկոյան դրությամբ, մենք չունենք տեղեկություն նույնականացման վերաբերյալ, բայց շատ մեծ է հավանականությունը, որ 16-րդ քաղաքացին, որը դեռևս չի նույնականացվել, հենց նույն քաղաքացին է», - ասաց Գրիգորյանը։